Հազարամյակների ընթացքում մեր ազգը, բազում արհավիրքների դիմակայելով, վայրագ վաչկատուն ցեղերի լծի տակ հեծեծալով անգամ, չի կորցրել հայի ապագայի իսկական պատկերը և միշտ գտել է առ այն ընթանալու միակ շավիղն ու եկել, հասել է 21-րդ դար:
Սակայն ահա քսան տարուց ավելի է, որ մեզ անցյալից առ հայի ապագա փոխադրող նավը կարծես կանգ է առել… Այս տարիների ընթացքում իրենց ազգի առաջնորդ կարգած մեր նավավարներն այդպես էլ չկարողացան հայի ապագայի ճշմարիտ լույսը տարբերել կեղծ փարոսներց և, ուղղորդվելով այդ սուտումուտ ուղենիշներով, մեր նավը հանեցին օվկիանոսային իրական ուղեծրից և բերեցին ու հաստատեցին մի ՃԱՀՃՈւՄ: 
Դժբախտաբար, այս ճահիճը շատերիս համար արդեն ընկալվում է որպես ապրելու հարազատ միջավայր… Եվ ով որ կառարկի, թող փորձի մի քննախույզ հայացք նետել մեր առօրյային, մի պահ թող իր հայացքն ուղղի մեր կենսակերպին, մեր որդեգրած արժեքներին, մեր հագուկապին, մեր երազանքներին, մեր երիտասարդության, մեր ապագա սերնդի բաղձանքներին, մեր ապրած կյանքին վերջապես, և իր համար ամեն բան պարզ կդառնա: Ճահիճ է, ճահիճ:
Հայտնվելով այս ճահճում՝ մենք շատ արագ մոռացության մատնեցինք կարևորագույն մեկ բան. մարդն ինքը ոգեղենի, հոգևորի և մարմնավորի եռամիասնություն է, որտեղ գոյություն ունի հստակ աստիճանակարգ՝ ոգի, հոգի և մարմին, և մարդն ամբողջական ու կատարյալ կարող է լինել, միայն եթե նրանում ներկա է այս երրորդությունը: Դժբախտաբար, մեզանում այսօր կարևորված ու առաջնայնացված է մարդու միայն մարմնավոր չափողականությունը, և արհամարհված ու մոռացության են մատնված նրա առավել կարևոր՝ ոգեղեն և հոգևոր վեկտորները: Լավագույն դեպքում, եթե լավագույն բառն այստեղ կարելի է օգտագործել, վերջիններս առկա են զուտ ձևի ու խոսակցությունների հարթություններում և արտահայտվում են միայն ձևականորեն եկեղեցի հաճախելով ու սուտ մոմ վառելով… 
Եվ այս է պատճառը, որ մեր մարմնավոր կարիքների բավարարումից բացի՝ այսօր մեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում, և մեզ շրջապատող բոլոր աղտեղություններն էլ դադարել են մեզ համար խորթ լինելուց և շատերիս էության անբաժան մասն են կազմում արդեն:
Մեր այս վիճակը կարծես կանխատեսել ու իր մոգական վրձնով պատկերել է միջնադարի մեծագույն նկարիչ Հիերոնիմոս Բոսխն իր «Հիմարների նավը» կտավում:
Այս նավն այնքան երկար է կանգնած, որ ճահճի հատակից ծլած և նրանով անցած ընձյուղը հասցրել է ծառ դառնալ, սակայն նավի ուղևոր-բնակիչներն այդ չեն էլ նկատում… Սրանք համոզված են, որ իրենք դեռ նավարկում են իրենց նպատակին ընդառաջ… Նրանց համար կարևորն ուտելիքի և խմելիքի առկայությունն է, երգն ու պարը, ճամփորդության պատրանքն ու խրախճանքը, այսօրվա լեզվով ասած, կյանքի բարեկեցությունն ու բարգավաճությունը: Նրանք որպես մարդ մոռացել են իրենց կոչվածությունը, կորցրել են իրականությունն օբյեկտիվորեն գնահատելու ունակությունը, ինքնուրույն մտածելու կարողությունը, անգամ ժամանակի և տարածության զգացողությունը… Անխտիր բոլորը, հայրապետ-մայրապետերից սկսած և հասարակ նավարկողներով վերջացրած, ապրում են միայն իրենց տարփանքների և մարմնավոր ցանկությունների բավարարմանն ուղղված անասնական բնազդներով, և միայն խեղկատակ-նավապետն է, որ, թառած նավի ղեկին, ուշի ուշով հետևում է նավի «ընթացքին»… Այս խեղճերը, որոնք մեր այսօրվա վիճակի լավագույն նկարագիրն են, վերածվել են մարդկային կերպարանքով միաբջիջ արարածների, մարդկային սիլոսի, որոնք ի զորու չեն մտածել անգամ Դարձի մասին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել