Սահմանին ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված հայ հոգևորականի դեպքի մասին երբ լսեցի, ակամայից հիշեցի 1918թ-ի հերոսամարտի մասին թուրք զորահրամանատարներից մեկի գրածը: Երկար տեքստ էր, Կենտրոնական գրադարանում եմ կարդացել երևի 10 տարի առաջ, բայց հիշում եմ մի հատված, որը մոտավորապես այսպիսին էր. մենք կոտում էինք հայերի դիմադրությունը, և նրանք արդեն պատրաստվում էին խուճապահար լքել մարտի դաշտը, երբ հանկարծ երևացին այդ սև սատանաները, ովքեր, մտնելով զորքի մեջ, կարծես վերակենդանացրին նրանց ու մղեցին մեր դեմ:

Հ.Գ. Սև սատանաներ կոչվածները հայ հոգևորականներն էին, ովքեր Ամենայն Հայոց հայրապետի կոչով ևս միացել էին բանակին ու աշխարազորին: Մեզանից շատերը կարող են չընդունել մեր Առաքելական դավանանքը, կարող են լինել այլ դավանանքի հետևորդներ, դավանել մեր նախնիների դավանած կրոնը՝ հեթանոսությունը, բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ առանց հոգևոր կյանքի ոչ մի բանակ հաղթել չի կարող, այո՛, նա կարող է հաղթել ճակատամարտ, բայց պատերազմ երբեք չի հաղթի: Կեցցե այն հոգևորականը, ով զինվորի հետ դիրքերում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել