Հայաստանում ձախ ուժերի միավորման կարիք կա, քանի որ այսօրվա քաղաքական ներկապնակը չի արտացոլում ամբողջ քաղաքական դաշտը։ Ուստի կարիքն ենք տեսնում նոր ձախ կուսակցություն հիմնելու։ Այսօր քաղաքական դաշտում բացարձակ լղոզվածություն է՝ գաղափարական տեսանկյունից։ Բևեռացում է անհրաժեշտ, որպեսզի հասարակության համար պարզ դառնա, թե որ քաղաքական ուժերն ինչ գաղափարախոսությամբ են հանդես գալիս, և բնակչությունը կարողանա դրանից հետևություններ անել։ Մենք գնում ենք հստակեցման ձախ դաշտում, որպեսզի ժողովրդին ներկայացնենք սոցիալիստական, կոմունիստական ուղղվածության ուժերի ասելիքը՝ այսօր Հայաստանում գործող քաղաքական հարաբերությունների պայմաններում։ 70 տարի մենք մի ծայրահեղության մեջ էինք, երբ ամեն ինչը պետական էր, հիմա ընկել ենք մեկ այլ ծայրահեղության մեջ, ամեն ինչը միայն մասնավոր է։ Ինչպես տեսնում ենք, 2003-ի ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում չկա ձախ ուղղվածության մի ուժ, որ կողմնակից լինի պետության դերի մեծացմանը տնտեսական գործընթացներում և այդ դիրքորոշումը ներկայացնի ԱԺ ամբիոնից։ Ձախ գաղափարախոսության կուսակցություններն ընտրություններում պարտվեցին չմիավորվելու, ավելին՝ նույն ընտրազանգվածի ձայները շահելու համար՝ միմյանց դեմ պայքարելու հետևանքով։ Այս բացը չկրկնելու միակ ճանապարհը ձախերի լուրջ միավորման ստեղծումն է։ Այսօր Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը շատ թույլ է, որ այս գործունեությունը վերցնի իր վրա, դրա համար մենք ենք վերցնում այս գործը և մինչև վերջ գնալու ենք այս գաղափարի տարածման հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել