Image result for վարչապետի այցելություն մարզերՕգոստոսի 14-16-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի, Լոռու, Արարատի և Վայոց ձորի մարզեր:

Վարչապետի գլխավորությամբ պատվիրակությունն այցելել է մարզի ուսումնական, մշակութային և հոգևոր կենտրոններ, արտադրական գործունեություն ծավալող կազմակերպություններ, հանդիպել է բնակիչների հետ: Բարձրացվել են մարզի կենսական կարևորություն ունեցող և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Քննարկվել են ճանապարհաշինության, գյուղատնտեսության, բերքահավաքի կազմակերպման, բերքի մթերման խնդիրները, ինչպես նաև գործարար շրջանակներում հանդիպող բարդությունները: 
Համայքների ճանապարհային ցանցի բարեկարգման խնդիրը գերակա է բնակչության և համայնքների տնտեսական ակտիվության խթանման և մեկուսացվածության վերացման համար:

Միայն այս տարի կառավարությունը Համաշխարհային բանկի ծրագրերով մոտ 30 միլիոն դոլարի ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում: Այն կնպաստի համայնքները միմյանց հետ կապելուն, ենթակառուցվածքները զարգացնելուն, ինչն էլ նախապայման է գործարարարության և գյուղատնտնտեսության զարգացման համար: 
Այցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել մարզերի մանկապարտեզների ու դպրոցների նորոգմանն ու շինարարությանը: Մասնավորապես՝ վարչապետի հանձնարարությամբ Սևանի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման շինաշխատանքները կսկսվեն աշնանը, իսկ Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցի (որտեղ գործում են տարբեր սպորտաձևերի 29 խմբեր) փլուզված տանիքի հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 7 միլիոն դրամ: Ծանոթանալով Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի պայմաններին, որն այժմ անմխիթար վիճակում է, վարչապետը հանձնարարել է առաջիկայում նախապատրաստել մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը: Այդ նպատակով նախատեսվում է ներդնել 170 մլն դրամ, որը կհատկացվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներից:
Լոռու մարզի Մարգավահովիտ համայնքի միջնակարգ դպրոցին հարակից 370 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար պետբյուջեից կհատկացվի 25 մլն դրամ:

Պատվիրակությունը ծանոթացել է Վանաձորի թիվ 18 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքներին: Վերակառուցումից հետո դպրոցը կունենա 2 մարզադահլիճ, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիաներ, լոկալ ջեռուցման համակարգ և կհամալրվի անհրաժեշտ ժամանակակից գույքով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա ընթացքում: Դպրոցի վերակառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մեկ միլիարդ 100 մլն դրամ: 
Կառավարության ղեկավարն այցելել է նաև Ստեփանավանում տեղակայված ամառային ներառական ճամբար, որտեղ այս տարի 4 հերթափոխով հանգստանում է 200 երեխա՝ հանրապետության բոլոր մարզերից: Ճամբարում հանգիստն անցկացնողների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման ճամբարների կազմակերպումը և փոխանցել կառավարության աջակցությունը երեխաների հանգիստը լավագույնս կազմակերպելու գործում:

Կառավարության ղեկավարը մարզային այցելությունները մեկնարկել էր օգոստոսի 1-ին՝ Շիրակի մարզ կատարած այցով, որը, հանդիսանալով երկրի հյուսիսային դարպասը, շարունակում է արձանագրել աղքատության ամենաբարձր ցուցանիշը: Մարզի տնտեսական կյանքի աշխուժացման նպատակով վարչապետը հայտարարել էր, որ հայ բարերար «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ պարոն Վարդան Սրմաքեշի առաջարկությամբ 10 մլն ԱՄՆ դոլար կներդվի Գյումրիում, կստեղծվի մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսը: Կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն կունենա, և ընդհանուր գումարը կկազմի 12 մլն ԱՄՆ դոլար: Վարկերը գործարարներին կտրամադրվեն տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով:

Մարզերի տնտեսական ակտիվացման, տարածքային զարգացման անհամաչափությունների վերացման խնդիրները կառավարության գերակա խնդիրներից են: Տարածքային անհամաչափ զարգացման հետագա չվերահսկվող աճը խիստ անցանկալի է, այն նպաստում է մարզերի գյուղական բնակչության աղքատության մակարդակի աճին, արտահոսքին դեպի մայրաքաղաք՝ աշխատանքի և ավելի բարեկեցիկ կյանք որոնելու համար: Դա լուրջ ռազմավարական խնդիր է երկրի ներքին կայունության և անվտանգության տեսանկյունից:

Մարզերի տնտեսական զարգացման տեմպերն ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի մարզեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել