Հայաստանը կարելի է դասել մայրաքաղաքակենտրոն երկրների շարքին: Իհարկե մայրաքաղաքի զարգացմանը զուգընթաց հարկավոր է մտածել մարզերի առաջխաղացման մասին: Բնականաբար, հնարավոր չէ դրանք զարգացնել մայրաքաղաքին հավասարը հավասարի պես, քանի որ խնդիրը միայն պետական ներդրումների մեջ չէ: Այնուամենայնիվ, հնարավոր է և հարկավոր է լուծել մարզերում առկա հրատապ՝ ճանապարհների կառուցման, ջրամատակարարման, դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման խնդիրները:

Այս օրերին մարզային այցելություններ է սկսել գործադիր մարմնի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Նա այցելել է Լոռիի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերը: Տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ թե ղեկավար մարմինների, թե ժողովրդի և թե գործարար խմբի ներկայացուցիչների հետ:

Մարզային այցելությունների շրջանակներում այցելություն է եղել Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոց, որի տանիքն ամբողջովին փլուզվել է քամիների հետևանքով: Ծանոթանալով ստեղծված իրավիճակին` հանձնարարել է ՀՀ պետբյուջեից հատկացնել 7 միլիոն դրամ` տանիքի հիմնանորոգման համար: Մարզադպրոցում գործում են տարբեր սպորտաձևերի 29 խմբեր:

Մեկ այլ այցելության ժամանակ մարգահովիտցիները դիմել են տեղի միջնակարգ դպրոցին՝ հարակից 370 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման խնդրանքով: Նշվել է, որ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 25 մլն դրամ: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել ՀՀ պետբյուջեից միջոցներ հատկացնել և հանձնարարել է աշխատանքները սկսել հնարավորինս արագ:

Մյուս խնդիրը, որը ստացել է իր լուծումը, Սևան քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզն է: 
Մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունել 110 երեխայի, սակայն ներկայում նախակրթական հաստատություն է հաճախում 60 երեխա: Այն երկար տարիներ չի նորոգվել և այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Հանձնարարվել է պատկան գերատեսչություններին առաջիկայում նախապատրաստել մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել 170 մլն մլն դրամ, որը կհատկացվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներից:

Նման հրատապ խնդիրների լուծումը կարող է զգալիորեն թեթևացնել մարզերի բնակիչների առօրյա հոգսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել