Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո շատ կարևոր փուլ է թե՛ Իրանի, և թե՛ Հայաստանի համար, քանի որ այդ ընթացքում մի քանի ծրագրեր սառեցվել էին ֆինանսական խնդիրների պատճառով:

Արդեն այս շաբաթ վերջապես կմեկնարկի դեռևս երեք տարի առաջ սառեցված Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը:

Սա արդյունք է վերջին շրջանում տեղի ունեցած հայ-իրանական ակտիվ շփումների, որոնց ընթացքում վարչապետն առանձին հանդիպում ունեցավ նաև Իրանի արտահանման բանկի ղեկավարի հետ: Բանկն իր վրա է վերցրել Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման ֆինանսական հիմնական բեռը։ Խոսքը շուրջ 108 միլիոնից 83 մլն եվրոյի տրամադրման մասին է։

Որպես այդպիսին, Իրան-Հայաստան երրորդ գծի շինարարությունը սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն, ըստ ամենայնի, կդառնա նախանշված մյուս ծրագրերը ևս մեկնարկելու սկիզբը։ Պետք է ենթադրել, որ դրանք շատ չեն ուշանա։

Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցումը կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է, որը գազ-էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում հնարավորություն է ստեղծում մեծացնելու Իրանից երկնագույն վառելիքի ներմուծումը, փոխարենը՝ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանումը։

Դրանից առավելագույնս օգուտներ քաղելու համար իհարկե Հայաստանին անհրաժեշտ է առաջին հերթին մտածել էլեկտրաէներգիայի արտադրության էժան աղբյուրներն ավելացնելու մասին։ Դրանցից մեկը կարող է լինել ջերմային նոր էներգաբլոկը, որի կառուցման վերաբերյալ ակտիվ բանակցություններ են վարվում ճապոնական կառավարության հետ:

Բարձրավոլտ երրորդ գծի կառուցումը ստրատեգիական նշանակության ծրագիր է նաև տարածաշրջանային մասշտաբով: Ծրաագիրը պայմաններ է ստեղծում Վրաստանի միջոցով դուրս գալու Ռուսաստան, ինչպես նաև մեծացնել արտահանման հնարավորություններն այլ շուկաներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել