1827 թ.-ի օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը: 
Ճակատամարտն ընթանում էր հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև: Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով: 1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվել են պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվել է դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը: Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին: Խախտելով զինադադարը՝ պարսկական զորքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը՝ նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը, հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ՝ կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ: Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին: Օգոստոս 15-ին պաշարում և հրետակոծում են Էջմիածինը: Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին: Ճակատամարտը սկսվել է առավոտյան՝ ժամը 8-ին, Օշականից 2 վերստ հեռավորության վրա՝ Էջմիածին տանող ճանապարհի վրա` Քասաղի կիրճում: Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին: Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս: Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները Ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել