Ցանկացած երկրի կառավարություն երկիրը տանում է զարգացման այն ճանապարհով, որն ինքն է պատկերացնում, և դա բնական է: Պարզապես այստեղ մեր բախտը չի բերել այն առումով, որ մեր կառավարությունում շատերն ավելի շատ պատկերացում ունեն կազինոներից ու բուրժուական ժամանցների սիրահար են: Հետևաբար, Հայաստանը կդառնա ոչ թե բարձր տեխնոլոգիական, հզոր արդյունաբերական երկիր, այլ փոքրիկ կազինո բաց երկնքի տակ և ժամանցի վայր Արարատի ստորոտին: Ու այս տեսանկյունից բնական է, որ հայրենի կառավարությունը Մարզահամերգային համալիրը ոչ միայն ծիծաղելի գնով վաճառեց մի ինչ-որ անհայտ ընկերության, այլ թույլատրեց, որ այնտեղ կառուցվի հերթական խաղատունը: Սա իսկը մեր կառավարության տրամաբանությամբ ու ոճով է: Մյուս զավեշտն այն է, որ կառավարության պաշտոնական կայքում նշվում է, որ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգայինի շրջակայքում կստեղծվի ընտանեկան ուղղվածության կենտրոն»... Փաստորեն Հայաստանում (ընդ որում նաև աշխարհում) ստեղծվում է առաջին ԸՆՏԱՆԵԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱԶԻՆՈՆ, և բացառված չէ, որ առաջիկայում կառավարության հատուկ որոշմամբ կազինոյում խաղալը համարվի հատուկ սպորտաձև, մտցվի օլիմպիական մարզաձևի մեջ, հիմնվի ֆեդերացիա, և այս պարագայում հայաստանի մի շարք հայտնի ընտանիքներ կարող են ազատ այդ կազինոյում խաղալ և մրցել միմյանց հետ կրած և տանուլ տված գումարի չափով ու խփել այնքան, ինչքան ուզեն. ահա ձեզ ընտանեկան ուղղվածության կենտրոն...
Ճիշտ է՝ Հայաստանի տնտեսությունը վաղուց դարձել է ընտանեկան ոճի բիզնես, բայց որ ընտանեկան ոճի կազինո էլ կարող ենք ունենալ, արդեն ՆՈՈՒ ՀԱՈՒ է...
Իսկ իրականում այս ամենը զավեշտալի է և ողբերգական, երբ Հայաստանում արդեն խաղատուն են կառուցում Ծիծեռնակաբերդի հարևանությամբ, ու բացառված չէ, որ վաղը կազինո կառուցվի նաև Էջմիածնի տաճարի հարևանությամբ...
Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, կարծեք մեր կառավարությունը գործում է ամեն ինչ տանուլ տված խաղամոլի ոճով, երբ ևս մեկ պարտիա խաղալու համար վաճառում է վերջին ունեցվածքն ու դնում կոնին՝ լավ իմանալով, որ էլի պարտվելու է... Իսկ սա արդեն հիվանդություն է....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել