Քաղաքական մեկնաբան 

Եթե ասում ենք, որ հայը արարող տեսակ է, ուրեմն հայ մարդու համար մեծագույն արժեքներից մեկը պետք է լինի աշխատանքը, աշխատանքի հանդեպ սերը և այդ աշխատանքը գնահատելը։ Այդ դեպքում լիովին անհասկանալի է, թե ինչու է մեր երկրում հայ մարդու աշխատանքը այդքան ցածր գնահատվում, մարդը օգտագործվում է որպես էժան աշխատուժ։ Իսկ առավել վտանգավորն այն է, որ մարդիկ թույլ են տալիս, որ իրենց որպես էժան աշխատուժ օգտագործեն և համաձայնվում են ամենաստորացուցիչ պայմաններին՝ վախենալով կորցնել նաև դա։ 
Քանի մեր ինքնագիտակցությունը չի հասել այն մակարդակին, որ հասկանանք, որ հայ մարդը էժան աշխատուժ չէ, և գործատուն չի կարող նրան օգտագործել, մեր երկրում ոչինչ չի փոխվի, քանի որ փոփոխությունը նախևառաջ պետք է լինի մեր գիտակցության մեջ։
Եվ սխալ է ամբողջ մեղքը բարդել միայն պետության վրա. չէ՞ որ հասարակության մեծ մասն աշխատում է մասնավոր սեկտորում, որտեղ նույնպես մարդիկ օգտագործվում են որպես էժան աշխատուժ, քանի մասնավոր սեկտորում նույնպես գործատուն մտածում է իր շահույթի մասին, այլ ոչ թե այդ շահույթը ստեղծողի արժանապատիվ ապրելու։
Իսկ ո՞վ է մեղավոր. պետությո՞ւնը, գործատո՞ւն, թե՞ նաև մեղքի իր մասնաբաժինն ունի աշխատավորը, ով չի պահանջում գնահատել իր աշխատանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել