ՀՀ շարքային քաղաքացիների մի զգալի մասի (որոնց թիվն օրեցօր ավելանում է) երազանքն օրախնդիր հարցերի շարքում ռուսականով թոշակի անցնելն է: Դրա մի կարևոր պատճառն այն է, որ Հայաստանում թոշակի տարիքի շեմն սկսվում է 63-ից՝ կանանց համար, 65-ից՝ տղամարդկանց: Ու սա որոշվեց 1996 թվին՝ նախորդ իշխանությունների օրոք. միգուցե այն նկատառումներով, որ մարդկանց 55 տարին լրանալուն պես իրավունք չունենան նրանց թոշակի ուղարկել հիմնարկ-ձեռնարկություններում, բայց քանի որ 1998 թվից հետո գործարանների թիվը վերջնականապես ու անհուսալիորեն կրճատվեց, ուստի դրանից հետո, ինչպես ասում են՝ «վարունգն սկսեց թարս բուսնել». մանավանդ, որ քիչ չէ՝ 55-ից բարձր տարիքի մարդիկ արդեն աշխատաշուկայում մրցունակ չեն, դեռ մի բան էլ՝ թոշակ ստանալուց էլ զրկվեցին մինչև 63 տարեկանը, ու առաջացավ մի խավ, որ ո՛չ աշխատող էր, որ աշխատավարձ ստանար, ո՛չ թոշակառու էր, որ թոշակ ստանար: Իսկ Ռուսաստանում ավելի մարդասեր էին ու պահպանել էին խորհրդային ավանդույթները. մարդկանց թոշակի էին ուղարկում 55-60 տարեկանից: Ու դրա համար հայաստանյան քաղաքացիներն աշխատում են Ռուսաստանում գրանցվել՝ բարեկամ-հարազատների մոտ ու այնտեղ թոշակի անցնել, հետո էլ հարկ եղած դեպքում ռուսաստանյան բարձր թոշակով Հայաստանում ապրել: Բայց «հայի բախտ է». նախ՝ հիմա էլ Ռուսաստանում են ուզում վատն ընդօրինակել ու թոշակի շեմը բարձրացնել. երկրորդ՝ ռուսական ռուբլու կուրսն օրեցօր անկում է ապրում Հայաստանում՝ օրական 100 դրամով իջնելով 1000 ռուբլու մեջ ու հասել է 7300 դրամի՝ ընդամենը մեկ ամսում 1000 դրամով իջնելով, իսկ մեկ-երկու տարի առաջ ռուսականի կուրսը հասնում էր անգամ 12-13հազար դրամի: Ընդ որում՝ ռուսականի կուրսը Ռուսաստանում էլ է անկում ապրում Արևմուտքի տնտեսական սանկցիաների շնորհիվ. թեպետ ՌԴ պետական այրերը հավաստիացնում են, որ մինչև տարեվերջ ռուսական ռուբլու կուրսը կամրապնդվի: Իսկ մինչ այդ ռուսականով թոշակ ստացող հայաստանցիները չգիտեն՝ բախտավո՞ր են, որ ռուսականով են թոշակ ստանում, թե՞ դժբախտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել