Երեկ՝ օգոստոսի 11-ին, 21TV-ի հաղորդավարուհի Էմմա Գևորգյանը և Վահագն Զեյնալյանը նշել են իրենց ամուսնության չորրորդ տարին և փոխանակվել նվերներով: BlogNews.am-ի հետ զրույցում հաղորդավարուհու հետ մտովի անցյալ տեղափոխեցինք՝ հիշելով մի քանի հետաքրքիր դրվագներ նրա հարսանիքից: 

Եթե շատ հարսնացուներ այդ օրը չափազանց հուզված են լինում, ապա Էմման բավականին հանգիստ էր, այնուամենայնիվ, խոստավանեց, որ գեղեցկության սրահում այլ հաճախորդի ուշացման պատճառով բավականին ուշացավ սեփական հարսանիքից:

Էմման նաև հիշեց, թե ինչպես է ամուսնության առաջարկություն ստացել. «Գնացել էինք Ամբերդ, բարձրացել բերդի ամենաբարձր մասը և նայում էինք մեր շուրջը. լռություն էր, և հանկարծ՝ «կամուսնանա՞ս ինձ հետ»: Այդ պահին մեր ընկերները կանչում են և ինչ-որ բան ասում, ես շրջվում եմ նրանց կողմն ու ասում. «Մի րոպե սպասեք, ինձ ամուսնության առաջարկություն են անում»: Բոլորը ծիծաղեցին՝ մտածելով, թե կատակ եմ անում, իսկ ես բնականաբար պատասխանեցի՝ այո, չնայած որ միշտ շատ բարդ եմ պատկերացրել իմ՝ ամուսնացած լինելու փաստը»:

Այն հարցին, թե ինչպես ստանձնեց «տան կնոջ» կարգավիճակը, հաղորդավարուհին այսպես պատասխանեց. «Չեմ համակերպվել և կարծում եմ՝ ընկերներս կփաստեն, որ այդ պաշտոնն առանձնապես չեմ էլ ստանձնել: Ապրում ենք երկուսով, չհաշված փոքրիկը, ես գրեթե ոչինչ չեմ պատրաստում: Այլ կերպ ասած՝ անում եմ տանն այն ամենը, ինչ կանեի ամուսնացած չլինելու դեպքում ևս»:

Ամուսնական չորս տարիները վերհիշելով՝ Էմման նշեց. «Ամենակարևորն ամեն ինչին թեթև նայելն է, քանի որ կարևորը սերն է, իսկ գործերը կարելի է հետաձգել, պլանները կարելի է փոխել, նույնիսկ նվերները կարելի է ուշացնել: Երջանիկ լինելու համար միշտ պետք է սիրել, հասկանալ և խնայել միմյանց»:

Ամուսնության տարեդարձի առթիվ հաղորդավարուհին իր ֆեյսբուքյան էջում արել էր նաև հետևալ գրառումը. «Կարևորը՝ ցանկությունները չպակասեն», իսկ մեզ համար ավելի մանրամասնելով գրառումը՝ ասաց, որ դա նշանակում է «քնել և արթնանալ միասին, ցանկացած տեղ գնալ միասին, ուրախությունները կիսել միասին, մի խոսքով՝ ցանկանալ, որ քո կյանքի յուրաքանչյուր րոպեին սիրելիդ լինի քո կողքին»: 

Էմման և Վահագնը մեծացնում են իրենց գեղեցկուհի դստերը՝ Վանեսսային, խոսելով ընտանիքում ևս մի համալրման մասին՝ հաղորդավարուհին ասաց. «Մտածում ենք չորս-հինգ բալիկների մասին, բայց ոչ մոտ ապագայում, դեռ Վանեսսային պետք է վայելենք»:

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում նրանց։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել