Մինչ Սևանա լճից դեպի Ուրմիա ջուր տեղափոխելու մասին արդեն իսկ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հերքված լուրը որոշակի աշխուժություն էր առաջացրել հայկական ԶԼՄ-ներում, իսկ դրան զուգահեռ ավելի հաճախակի են դարձել որոշակի վատատեսական տրամադրությունները՝ կապված Իրանի՝ միջազգային մեկուսացումից դուրս գալուց հետո հայ-իրանական տնտեսական փոխհարաբերությունների ապագայի հետ, Թեհրանում տեղի է ունեցել բավական կարևոր մի իրադարձություն. Հայաստանը և Իրանն օգոստոսի 9-ին ստորագրեցին երկու երկրների էներգահամակարգերն իրար կապող 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նոր պայմանագիր:
Ըստ դրա՝ մոտ 117,6 միլիոն դոլար արժողությամբ համատեղ ծրագրի իրականացման նպատակով իրանական կողմը կկատարի 90,5 միլիոն դոլար ներդրում, իսկ էլեկտրագիծը շահագործման է հանձնվելու 18 ամսվա ընթացքում։

Համաձայն իրանական լրատվամիջոցների փոխանցած տեղեկատվության՝ այս նախագիծը կարևորվում է նաև նրանով, որ վերջինիս շնորհիվ Հայաստանի և Վրաստանի միջոցով իրանական էներգահամակարգը կմիանա Թուրքիայի և Ռուսաստանի համակարգերին՝ մեր երկիրը փաստացիորեն վերածելով էլեկտրաէներգիայի տարանցման կարևոր միջանցքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել