Երիտասարդության միջազգային օրն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ՝ երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով, իսկ 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին: 2010 թ. այս տոնն աշխարհի ողջ երիտասարդության համար հատկապես հատկանշական էր նրանով, որ Երիտասարդության միջազգային օրվանից մեկնարկեց Երիտասարդության միջազգային տարին: Այս նպատակով ամբողջ աշխարհում անցկացվեցին միջոցառումներ` «Երկխոսություն և փոխըմբռնում» խորագրով, քանի որ տոնի նպատակը տարվա մեջ գոնե մեկ օր տարբեր ազգերի ու քաղաքակրթությունների երիտասարդներին միավորելն է:
Այսօր աշխարհում ապրում է մինչև 25 տարեկան շուրջ 3 մլրդ մարդ: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի` 3.25 մլն մարդու 37.7%-ը կամ 1.22 մլն-ը կազմում են մինչև 25 տարեկաննները: Իսկ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն` երկրում կա մոտ 830 հազար 16-30 տարեկան երիտասարդ` բնակչության մոտ 26 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել