ԼԱՊՏԵՐՆԵՐԸ
Գիշեր է:
Մանր անձրև է գալիս:
Անձրևի կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե փողոցային լապտերներն արտասվում են:
Ինչո՞ւ են արտասվում:
Անձրևոտ գիշերում լապտերներն արտասվում են միայն այն բաների համար, ինչ չկարողացան մարդի’կ անել, որովհետև իրենք պարզապես լապտերներ են, իրենց տխրությունը լապտերները չունեն:
Եվ ամբողջ գիշեր արտասվում են նրանք միայնությունից, նրանից, որ անձրև է գալիս, և որ վաղը կրկին մռայլ եղանակ է լինելու, և որ ինչ-որ մեկը չի հանդիպելու, որ ինչ-որ մեկը չի սիրելու, որ ինչ-որ մեկը չի համբուրելու…
…Եվ այն պատճառով, որ վաղը մռայլ եղանակ է լինելու, այս գիշեր փողոցի անկյունում արտասվում են լապտերները…

ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴՈՒՆ
Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել ևս դեռ ոչինչ չի հասցրել գրել: Դուք նրան կնեղացնեք, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները, և հետևաբար կպակասեն նաև լավ մարդիկ:
Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք, չէ՞ որ ամեն մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…
Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:
Խնայեք իրար, մարդիկ...

ԱՇՈՒՆ

Մի անգամ, երբ լեռներից աշունն իջավ Երևան, և փողոցները դարձան շագանակա-ոսկեգույն, քաղաք ժամանեց ծաղրածուն:
Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց մի երկարոտն ու թուխ աղջկա, իսկ գուցե դա ընդամենը հեքիաթ է…
Բայց ճիշտ է այն, որ նա հեռացավ՝ աչքերը լցված աշնանային անձրևով…
Թող աշունը ձեզ միայն ժպիտ պարգևի…


ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ
Երրորդ մուտքում ապրող իմ բարեկամը 6 տարեկան է:
- Գիտե՞ս, – մի օր ասաց նա ինձ,- մեր շենքը նման է բուտերբրոդի:
Ես նայեցի առաջին հարկին և տեսա, որ վրան գրված է «Հաց» ու համաձայնեցի նրա հետ:
-Բայց այդ դեպքում 9 հարկերն ի՞նչ են, – փորձեցի ճշտել ես:
Պարզվեց, որ 9 հարկերը պանիր, երշիկ, խոզապուխտ ու նման բաներ են՝ կախված նրանից, թե ամեն առավոտ ինչով են նախաճաշում այդ հարկերում:
Բուտերբրոդ-շենքին մոտեցավ «Կաթ» բեռնատարը: Կյանքի առավոտ: Ամեն ինչ այնքան համեղ էր թվում: Եվ ես հանկարծ ամաչեցի, որ այդքան բան եմ մոռացել: Ես մի փոքր թռվռացի իմ բարեկամի հետ «կլաս» խաղալով ու մե՜ծ ախորժակով գնացի աշխատանքի…

ԱՍՏԻՃԱՆԸ
Մի օր ես հանդիպեցի աստիճանին: Դա մի վերև տանող աստիճան էր, որից այնքան հաճախ ցած են գլորվում: Մենք երկար զրուցեցինք և ես շատ բան հասկացա նրա պատմություններից:
Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ոչ, գլխավորը`աստիճաններն են, նրանցով մենք բարձրանում և իջնում ենք (ոչ միշտ և ոչ միշտ ինքնուրույն), աստիճաններով մենք մագլցում ենք, իսկ երբեմն երջանիկ վազում, ցատկում ենք միանգամից երկու աստիճանով դեպի հաջողության մարմարե հարթակը` երբեմն այնքա՜ն փխրուն:
Այդտեղից մենք շատ բան ենք տեսնում, և շատերն են տեսնում մեզ: Այդ ամենից հետո շատ կարևոր է որոշել` հարկ կա՞ արդյոք բարձրանալ ավելի վեր և ո՞ր սանդուղքով, կամ գուցե ավելի լավ է վերելակ կանչե՞լ և շարժվել մեկ վեր, մեկ վար` կախված նորաձևության մեխանիզմից, հասարակական կարծիքից և այն ամենից, ինչ կառավարում են այդ կամակոր վերելակը:
Կան նաև սլանալու սիրահարներ, տալով իրենց սրտի և մտքի ամբողջ ուժը ամենանեղ և վտանգավոր սանդուղքների ամենաբարձունքին, և այնտեղից ներքև իջնելով երկաթգծերով` հաճույք ստանալով մեծարանքի ծափահարություններից անմտության և քաջության համար: Այդտեղ վերջում չկանգնելու և գայթելու վտանգ կա, իսկ նրանց մոտ, ովքեր նման սանդուղքը իջնում են երկաթգծերով, շունչը կտրում է և գլուխը պտտում: Իսկ ծափահարողնե՞րը… Նրանք հավաքվում են, իհարկե, ոչ անկումի համար:
Այո: Մեր կյանքում ամենակարևորը աստիճաններն են, որովհետև չէ՞ որ յուրաքանչյուր ճանապարհ վերջում նույն աստիճանն է, պարզապես սկզբում այնքան էլ դա չի զգացվում: Եվ հատկապես վտանգավոր են կորաձև աստիճանները, երբ շրջադարձերի պատճառով չես զգում, որ ավելի ու ավելի ցած ես իջնում: Ահա թե ինչ պատմեց ինձ վերև տանող ծեր աստիճանը, որը շատ էր տանջվում, երբ իրենից ցած էին գլորվում:
Մի՛ նեղացրեք աստիճաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել