Երբ 1988 թվականին միասնաբար անկախություն էիք երգում, ես մեկամյա երեխա էի դեռ՝ մանկամիտ, պարզ: Ես չէի գիտակցում՝ ծնողներս ինչ դժվարություններ էին ստիպված հաղթահարել, որ աչքս ոչ մի բանի կարոտ չմնա, մանկավարժ են, աշխատում էին դպրոցում այդ թվերին, ու ձմռան սառնամանիքին 6 կմ ճանապարհ ամեն աշխատանքային օր ոտքով էին կտրում՝ կրթելու և վարձատրվելու համար: Ես ամեն երեկո համեղ մի բան էի համտես անում՝ չգիտակցելով, թե ինչքան դժվարությամբ էին ծնողներս դա գնում: Բայց ծնողը մնում է ծնող: Հարյուր հազարավոր հայերի նման ծնողներս ևս 1988-ին Արցախ էին երգում, հետո անկախություն երգեցին՝ հավատացած լինելով, որ եթե ոչ իրենք, ապա գոնե իրենց զավակներն ապրելու են լուսավոր ապագայում, կայուն հիմքերի վրա կանգնած Հայաստանում: Բայց լուսավորությունը փոխարինվեց խավարով, խաղաղությունը՝ պատերազմով, հավատը՝ հիասթափությամբ, միասնությունը՝ պառակտմամբ, 3 տարի սովորեցինք մրոտ, ծխացող ու միայն ինքն իրեն տաքացնող վառարանի շուրջ շրջան կազմած, բայց արի ու տես ավելի մտերիմ էինք, ավելի ընկերասեր, ավելի միասնական, իսկ հիմա՞: Պատճառների մեջ խորասուզվել չեմ ուզում, գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ու պատմությունը մեզ դաս չեղավ, դաս չեղավ այն, թե քանի անգամ մենք մեր ձեռքով խաղացինք մեր ճակատագրի հետ: Կմեղադրեք ինձ երևի այս մտքի համար, բայց ողբալով, ցեղասպանության ճանաչումը խնդրելով, բարոյական հաղթանակներ տոնելով մինչև ո՞ւր ենք գնալու: Մինչև ե՞րբ ենք ողբի շուրջը համախմբվելու: Մի՞թե դժվար է հասկանալ, որ եթե ներսում ու դրսի համար որպես պետություն քեզնից բան չներկայացրեցիր, հետաքրքիր ու շահավետ գործընկեր չեղար, ոչ մեկ քո անմեղ ու գեղեցիկ աչքերի համար ցեղասպանությունը չի ճանաչելու: Ասենք, որոշ երկրներ ճանաչել են այն, հիմա հարց. բոլոր նրանք, ովքեր կմեղադրեն ինձ այս տողերի համար, թող մեղադրելուց առաջ այս հարցին պատասխանեն՝ այդ երկրների կողմից ցեղասպանության ճանաչումը մինչ այժմ մեզ որևէ բան տվե՞լ է: 20-ամյա անկախությունը տեսավ ինչ ասես՝ երկրաշարժ, Ազգային ժողովի գրավման փորձ, հոկտեմբերի 27, մարտի 1, քաղաքացիական պատերազմի առաջ կանգնելու լրջագույն վտանգ, ու էլի դասեր չենք քաղում: Մինչև ո՞ւր, մինչև ե՞րբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել