«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթների տիտղոսակիր Գոհար Հարությունյանը Հունաստանում ընտանիքի հետ վայելել է ամառային հանգիստը։ «Մեր գլխավոր նպատակը ծովային հանգիստն էր, որպեսզի երեխաները ծովում լողան, կոփվեն և պատրաստվեն աշնանը։ Որպես մայր՝ իմ մտքում միայն երեխաներիս լավ հանգիստն էր, որպեսզի նրանց իմունիտետը բարձրանա»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Գոհարը։

Մանեքենուհու փոխանցմամբ՝ ամբողջ ժամանակն անցկացրել են լողափում և գրեթե դուրս չեն եկել հյուրանոցի տարածքից։ «Ես շատ եմ սիրում ծովափնյա հանգիստ։ Այս տարի շատ լավ հանգիստ ունեցանք։ Նախորդ տարի Յալթայում էինք հանգստացել, ես դժգոհ էի, այս տարի ամեն ինչ շատ լավ անցավ, շատ գոհ եմ»,- ասաց Գոհարը ու նշեց, որ երեխաների հետ հանգստի ժամանակ առաջին հերթին նրանց մասին է մտածում՝ ամենից շատ ուզում է, որ փոքրիկների համար հետաքրքիր լինի։

Քանի որ 3 երեխայի հետ հանգիստ կազմակերպելը բավականին բարդ է, մանեքենուհու փոքրիկների դայակը ևս նրանց հետ մեկնել է Հունաստան։  «Ինձ հետ օգնող էի տարել, քանի որ հակառակ դեպքում ոչ թե չէի հանգստանա, այլ ուղղակի չէի կարողանա հետևել երեխաներին։ Թեև աղջիկներս արդեն 6-7 տարեկան են, շատ լավ են լողում, ես վախենում եմ մենակ թողնել իրենց։ Ամեն դեպքում, նրանք ուշադրություն և խնամք են պահանջում, իսկ որդիս չափազանց ակտիվ է, ամուսինս էլ չի սիրում օգնել ինձ նմանատիպ հարցերում։ Նա հայ տղամարդու կերպարի մեջ է՝ երբեք ձեռք չի մեկնի, որպեսզի օգնի»,- ժպիտով դժգոհեց նա։

«Ինձ համար շատ լավ հանգիստ էր։ Եթե ճանապարհորդության  ընթացքում երեխաները չեն հիվանդանում, նշանակում է՝ ամեն ինչ  շատ հաջող է անցել։ Մայրիկներն ինձ կհասկանան»,- ասաց Գոհարն ու հավելեց, որ ապահովությա համար կես ճամպրուկ դեղորայք էր վերցրել։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել