Այսօր իմացա, որ Վաղինակ Շուշանյանը անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, որոշել է դուրս գալ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմից։ Անկախ նրանից, թե ինչեր կսկսեն շշնջալ այս տղայի հետևից, ինչ հոխորտանքներ կսկսեն թափել տղաների կազմակերպած պայքարի առաջին օրից իսկ նախանձով լցված պրոֆեսիոնալ ակԾիվիստներն ու քաղաքական ավանտյուրիստները, բայց կարծում եմ Շուշանյանն իր այս արարքով վերջնականապես ապացուցեց թե իր մղումների ազնվությունը, թե՛ նոր հասարակական կուլտուրայի հայեցակարգ ստեղծելու հնարավորությունը։

Ի վերջո, մարդը ոչ մի անգամ չփորձեց չարաշահել ու իր նեղ անձնական շահերին ծառայեցնել ժողովրդական համակրանքն ու բավականին մեծ ժողովրդականությունը։ Ու դա այն պարագայում, երբ նույն այդ ժողովրդականության տեսակետից, նույն Վաղինակը ավելի շահեկան դիրքեր ուներ, քան ԱԺ-ի երևի ցանկացած պատգամավոր։ Իսկ երբ եկավ ժամանակը, նա գեղեցիկ դուրս եկավ խաղից՝ առանց չարության ու սկանդալների։ Ի վերջո, մարդը պրոֆեսիոնալ ակԾիվիստ չի, փողոցային մայմունության ու ստատուսագրության համար վարձատրություններ ստանալ ու պետք է աշխատել՝ ապրուստի միջոցներ վաստակելու համար, իսկ դա գրեթե անհնար է՝ ակտիվ քաղաքական-հասարակական գործունեության հետ զուգորդել։ Տուժելու է կամ մեկը, կամ էլ մյուսը։

Հետո էլ, մարդը ասել է, որ հարկ եղած դեպքում միշտ էլ պատրաստ է վերսկսել ակտիվությունը։ Այնպես որ, կեցցե՛ս Վաղինակ, դու ու քո ընկերները նոր շունչ ու նոր որակ մտցրեցիք մեր հասարակական-քաղաքական կուլտուրայի մեջ ու մինչև վերջ մաքուր մնացիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել