Բազմաթիվ թաքցրած մահեր Ադրբեջանի զինված ուժերում, մանաթի խիստ հավանական արժեզրկում, Ադրբեջանում հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատական գործի լսումների ժամանակ աննախադեպ լարվածություն, հարձակում ներկա լրագրողների վրա, օրենքի կոպիտ խախտումներ, ահազանգում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ադրբեջանական նավթի գնի կտրուկ անկում, ինչպիսին վերջին անգամ գրանցվել էր 2009-ին...

Եվ ահա այս ամենը շղարշելու համար Ադրբեջանի ՊՆ-ն հերթական բովանդակության ապատեղեկատվությունն է տարածում՝ «հայկական երկուն անօդաչու խոցելու առնչությամբ»: Հուլիսից մինչ օրս արդեն որերորերորդ նման բովանդակության քարոզչությունն է: Դրան հետևում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի անձը գովազդող երկու քարոզչական տեսանյութերի տեղադրումը ՊՆ պաշտոնական կայքում, վերջինիս ամպագոռգոռ հայտարարությունները՝ թե իբր Ղարաբաղը ուժով են հետ բերելու, և այս քարոզչությունն ամբողջացնելու են գալիս իշխանամետ մամուլի հրապարակումները, որտեղ ինքնակոչ ադրբեջանցի «վերլուծաբաններն» օդից եզրակացնում են, թե իբր հայ-ադրբեջանական հակամարտությունը «դիպուկահարների պատերազմից վերածվել է ԱԹՍ-ների պատերազմի»: Ինչպես տեսնում եք, սա տեղեկատվական գործողությունների մի ամբողջական պլանավորված կոմպլեկս է, որը, ի դեպ, ունի ակներև թերացումներ: Օրինակ՝ քարոզչական հոլովակներում մեծ տեղ է զբաղեցնում խոշոր պլանով ցույց տրվող զինծառայողների սնունդը, ճաշերը, մրգերը, մի քանի անգամ Հասանովը ցուցադրաբար կիսում է իր ձեռքի հացն ու բաժանում զինվորներին, ինչը ևս վաղուց հնացած քարոզչական հնարք է, սեղմում է նրանց ձեռքերը, կրկին մի քանի անգամ, գնում է նայում ինչ-որ շինարարական հարթակ, ու այս ամենն ամերիկյան «կռիվ-կինոներին» հատուկ հուժկու երաժշտության ներքո: Մինչդեռ այս ամենում այդպես էլ չի երևում ադրբեջանական հավաքական ու հզոր բանակն ու շարքային ուժեղ զինծառայողը, փոխարենը ճաշարանում օպերատորն այդպես էլ փաստորեն չի կարողացել թաքցնել զինծառայողների կախած գլուխները, ֆիզիկապես ոչ լավ կազմվածքը, դեպի ներքև հայացքները, որոնցում խրոխտ ու ինքնավստահ արտահայտություն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել