Իմ նամակում գրել էի ձեզ, որ անբարո մարդկանց հետ չհարաբերեք։ Բայց պարզ է, որ խոսքս հեթանոս աշխարհի անբարո մարդկանց կամ ագահների կամ հափշտակողների կամ կռապաշտների մասին չէր, այլապես ստիպված պիտի լինեիք այս աշխարհից հեռանալ։ Մինչդեռ իմ այդ տողերով ուզում էի ասել, որ չհարաբերեք նրանց հետ, որոնք թեև քրիստոնյա եղբայրներ են կոչվում, բայց կա՛մ պոռնկություն են անում, կա՛մ կռապաշտ են, կա՛մ ագահ, կա՛մ բամբասող, կա՛մ գինեմոլ և կա՛մ հափշտակող։ Այդպիսիների հետ նույնիսկ սեղան չնստեք։ Իմ ի՞նչ գործն է դատել նրանց, որոնք եկեղեցու անդամ չեն. թող Աստված դատի նրանց։ Բայց չէ՞ որ եկեղեցու անդամներին դատելը ձեր գործն է։ Ուստի, ինչպես Սուրբ գիրքն է ասում. «Չարիքը վերացրե՛ք ձեր միջից»։

Այդ ինչպե՞ս է լինում, որ երբ ձեզնից մեկը մի խնդիր ունենա իր ընկերոջ հետ, համարձակվում է անհավատ հեթանոսների դատաստանին դիմել, փոխանակ Աստծու եկեղեցուն դիմելու։ Մի՞թե չգիտեք, որ Աստծու ժողովուրդն է դատելու աշխարհը։ Եվ եթե դուք եք դատելու աշխարհը, ապա ինչպե՞ս է լինում, որ մի չնչին դատ անգամ չեք կարող տեսնել։ Չգիտե՞ք, թե հրեշտակներին իսկ մենք ենք դատելու, էլ ո՛ւր մնաց՝ այս աշխարհի խնդիրները։ Արդ, ձեր հասարակ խնդիրների համար ինչպե՞ս կարող եք դատավոր կարգել նրանց, ում մերժում է եկեղեցին։ Ամոթ չէ՞ ձեզ համար։ Իմաստուն մի մարդ չկա՞ ձեր մեջ, որ կարողանա ձեր միջև ծագած խնդիրները վճռել, որ քրիստոնյա մի եղբայր ստիպված է լինում իր հավատակից եղբորը դատի քաշել, այն էլ՝ անհավատների առջև։
Բայց ձեզ համար արդեն իսկ հանցանք է միմյանց դեմ դատ ունենալը։ Ավելի լավ կլիներ, որ հանձն առնեիք անիրավվել կամ զրկանք կրել։ Մինչդեռ դուք եք անիրավում և զրկում, և դա անում եք հենց ձեր հավատակից եղբայրներին։ Մի՞թե չգիտեք, որ անիրավություն անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Դուք ձեզ չխաբեք։ Նրանք, որ պոռնկություն են անում կամ կռապաշտ են կամ շնացող, իգացող, արվամոլ, գող, ագահ, գինեմոլ, բամբասող կամ հափշտակող, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։


(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 5:9-6:10)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել