Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրաց առաջին կիսամյակի արդյունքները հուսադրող են: Առաջին 6 ամիսների համար տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2 տոկոս, աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր հատվածներում:

Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ամենամեծ աճը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում՝ 14.5%: Բացարձակ արժեքով գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը առաջին կիսամյակում կազմել է 235.5 մլրդ դրամ: Հատկապես մեծ են հաջողությունները բուսաբուծության ոլորտում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցելով 38.7% աճ: Այն հիմնականում պայմանավորված է տարվա բերքառատությամբ, ինչպես նաև հողօգտագործողների կողմից ավելի մեծ օգտագործման պահանջով:

Այս տարվա առաջին կիսամյակում 5.1%-ով աճել է արդյունաբերական արտադրանքը, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 1.5%, շինարարության ոլորտի աճը աննշան է՝ 0.6%: Սակայն նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստին փոխվարչապետ՝ Վաչե Գաբրիելյանը մեկնաբանելով այդ ցուցանիշը նշել է լավատեսական փաստ՝ «վերջին տարիների մեր շինարարության ծավալի անկման հիմնական գործոններից մեկը բնակչության հաշվին կատարվող շինարարության նվազումն էր, իսկ այս տարի մենք առաջին 6 ամիսների ընթացքում ունենք բնակչության հաշվին կատարվող շինարարության աճ, ինչը ևս ցանկալի դրսևորում է»:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նույնպես աճ է գրանցել 3.3%-ով, այս ոլորտում առավել լավ արդյոունքներ կան մշակույթի, հանգստի, զվարճանքի նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում:

Մակրոտնտեսական ցուցանիշների շարքում անկում է գրանցվել ապրանքաշրջանառության ոլորտում, արտահանումը կրճատվել է 1.3%-ով, իսկ ներմուծում՝ 28.2%-ով: Ներմուծման նվազումը պայմանավորված է գնողունակության անկմամբ և միտումը այս տարի նկատվել է բոլոր հետխորհրդային երկրներում՝ կապված ազգային արժույթների արժեզրկմամբ և Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ: Ներմուծման նման առաջանցիկ անկումը արտահանման նկատմամբ նպաստել է, որպեսզի կրճատվի առևտրային բացասական սալդոն՝ իր հերթին բավական կայուն պահելով ազգային արժույթը:

Առևտրի շրջանառության ոլորտում նույնպես գրանցվել է անկում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմելով 5.1%: Բացասական են հատկապես մանրածախ առևտրի ոլորտի տվյալները: Հատկանշական է, որ այն պայմանավորված է նաև առևտրի օբյեկտների տեսակով: Այսպիսով բացասական ցուցանիշը դիտվում է կրպակների, խանութների մոտ՝ փոքր և գերփոքր բիզնեսի շրջանում: Իսկ սպառողական և գյուղատնտեսական ապրանքների շուկաներում (առևտրի կենտրոններ, շուկաներ, տոնավաճառներ)՝ դիտվում է 6.6-6.4 % աճ:

Միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 10,8 տոկոսով, գնաճը կազմել է 5.1%: Դա նշանակում է, որ աշխատավարձերի աճը թե մասնավոր, թե պետական հատվածներում գերազանցում է գնաճի աճին 12-ամսյա կտրվածքով:
Իհարկե թվերը հուսադրող են, մասամբ մտահոգող, բայց հարց է առաջանում, որ եթե կա տնտեսական աճ, ապա ինչու դա չի երևում առօրյա կյանքում: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մեկնաբանեց՝ «Ցանկանում եմ վստահեցնել, որ դա առօրյա կյանքում երևում է, ուղղակի դրա երևալը կապված է մի բանի՝ մասնավոր տրանսֆերտների նվազման հետ: Բնակչության որոշ հատվածի գնողունակությունը նվազում է, և դա առաջին հերթին անդրադառնում է մանրածախ առևտրի վրա, ինչի ազդեցությունն ամենաակնհայտն է, որ քաղաքացիները տեսնում են: Սակայն այն աճը, որ հիմնականում կա արդյունաբերության մեջ, մասնավորապես, հանքարդյունաբերությունում ունենք շուրջ 34 տոկոսանոց աճ՝ միջազգային շուկայում պղնձի գների նվազման պայմաններում: Ունենք գյուղատնտեսության աճ, ինչը նույնպես նշանակում է ֆիզիկական ծավալների մեծացում: Այդ պարագայում, երևույթները, որոնք երևում են առաջին հայացքից և անմիջապես սպառողին տեսանելի չեն, ունեն տարբեր զարգացումներ»:

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ մի քանի ոլորտներում գրանցած դրական տեղաշարժերը, ինչպես նաև տնտեսական ակտիվության 4.2% աճը հիմք են, որպեսզի այս տարի Հայաստանը կարողանա ապահովել ՀՀ պետական բյուջեով դրված տնտեսական աճի ցուցանիշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել