1993 թ. ձմռանը Երևանի շենքերը տարօրինակորեն գորշ էին, նման անհուսության երկինք մխրճված հուշարձանների. երկրի սահմաններին հուրհրում էր պատերազմը, իսկ քաղաքի ամայացած փողոցներով ցոփ կնոջ պես սանձարձակ քայլում էր վիշտը: Նախկինում բարեհամբույր ու ժպտերես մարդիկ հիմա գլխահակ էին ու մտահոգ: Ցուրտն ու ու բոլորի դռները միանգամից բացած աղքատությունը անհույս տխրությամբ էին պարուրում կեցության հենց հիմքերը, իսկ պատերազմից բերված հերթական զինվորական դագաղը հիմնահատակ ավերում էր ժամանակին այնքան հասկանալի ու գեղեցիկ թվացող աշխարհը:

Ցերեկները մեր երազանքների քաղաքի տերը իր սև դրոշները լայնորեն բացած հուսալքությունն էր, գիշերները՝ թափառական շների կաղկանձող ոհմակները: Քաղաքի մարդկանց ծաղրում էր նաև բնությունը. այդ տարի տեղացած առատ ձյունը մեկ այլ ժամանակ բանաստեղծը կարող էր համեմատել անտեսանելի դայակի հոգատար ձեռքով քաղաքի վրա գցված ճերմակ վերմակի հետ, բայց 1993 թ. ձմեռը անասելիորեն տխուր ձմեռ էր, ու մայթեզրերի երկայնքով շերտ-շերտ սառած կեղտոտ ձյունը ավելի շատ նման էր աղքատի դիակի վրա նետված պատառոտած պատանքի…
Բայց կյանքը շարունակվում էր: Ամեն առավոտ ինձ դիմավորում էին լսարանի ցուրտն ու ընկերներս: Ինքնամոռաց ճառող դասախոսի բերանից ասես նոր արթնանալ պատրաստվող հրաբուխի խառնարանից բարձրացող գոլորշին լսարանի պաղ օդում նկարում էր բոլորիս անհասկանալի զարդանախշեր, իսկ երևակայությունը գծագրում էր հերթական ուսանողական երեկոն: Երեկոյի կենտրոնը Պարսկաստանի մի նախնադարյան ֆաբրիկայում պատրաստված լամպն էր, որի անվերջանալի հոգեվարք ապրող լույսի տակ քննարկվում էին տիեզերքը, մարդիկ ու արվեստը: Էլեկտրականության՝ մոլորված հյուրի պես կարճատև այցը առաջացնում էր բուռն հիացմունք, իսկ յուրաքանչյուրիս տանը մշտական բնակության եկած սովին վերաբերվում էինք փիլիսոփայական հանդարտությամբ:
Բայց կա վերին արդարություն ու մեզանից խլված բարեկեցությունը փոխհատուցվում էր այսօրվա կյանքի խելահեղ ռիթմում անվերադարձ կորած հոգևորությամբ ու անաղարտ զգացմունքներով: Մեր միամտությունն անսահման էր, իսկ մեր հավատը պատրաստ էր ինքնամոռաց նետվել ամեն ժպտերես ստահակի գիրկը: Մեր սերը աշխարհի ամենամաքուրն էր, այնքան, որ սիրեցյալի ձեռքից բռնելը թվում էր տաճարի լռությունը հիշոցներով պղծելու չափ աններելի մի քայլ, իսկ նրա անմեղ շուրթերն համբուրելու ցանկության անբաժան ստվերը պատանեկան վեհերոտությունն էր: Հետո պիտի հասկանայինք, որ վեհերոտությունը սիրո ամենից լավ պատվիրակը չէ, ու երազանքներիդ տիրուհու ձեռքը բռնած ավելի հաջողակ կամ փորձառու մեկի հայտվելը դառնում էր անամոք տխրության ու թախիծի պատճառ:
Այդ անհրապույր ձմռան մի ամենասովորական օր իմ համեստ ուսանողական սենյակի դուռն աղջկական ամոթխախությամբ բախեց առաջին սերը: Ես չգիտեի դեռ, որ մենք ձեռք ձեռքի անվերջ կքայլենք մեր երազանքների քաղաքի տխուր փողոցներով: Որ բարակ վերարկուի փոխարեն այդ անվերջ ձմռան անվերջ ցրտում մեզ կջերմացնի մեր մեծ երազանքը: Որ իմ վերջին կոպեկներով գնած էժան կարկանդակը մեզ կթվա ավելի համեղ, քան ամենաթանկ ռեստորանի ամենաթանկ ուտեստը: Որ երկուսով կսիրենք Բոդլերի պոեզիան, իսկ մեր պատանեկան մաքուր երկնքից ամեն վայրկյան կծորան Ջոն Լորդի երգեհոնի արբեցնող հնչյունները….
Սիրելի ընթերցող, դու ողջամիտ ես ու գիտես, որ ես՝ մեր երկրի մի անանուն դաշտում թուրքին հաղթող հոր ու իր չորս զավակների հոգսն անմռունչ կրող մոր որդին,   չէի կարող վճարել ամեն օր սիրելիի մոտ արթնանալու երջանկության համար պահանջվող գինը: Ու մեր գրեթե մանկական սիրուն երբևէ չվիճակվեց հաղթահարել համատեղ կենցաղի փորձությունը:
Հիմա ես կարող էի նրա համար գնել ամենից փափուկ վերարկուն ու ամեն օր հյուրասիրել Երևանի ամենից գեղեցիկ ռեստորանում՝ շքեղ լույսերի ու հյուրերի հիացմունքի կենտրոնում, բայց անսահման հավատով ինձ նայող նրա անմեղ աչքերը այդպես էլ մնացին 1993 թ. տխուր ձմռան ամայացած քաղաքում….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել