Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին, նրա երգարվեստի սիրահարներին եւ համայն հայությանը` մեծ հարազատի, մեծ երգչուհու եւ մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ: Տիկին Ֆլորայի կորուստը ծանր է ոչ միայն հարազատների եւ մերձավորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում այնպիսին, ինչպիսին կար` տաղանդավոր, նվիրված, հոգատար, կատակասեր, քնքուշ, բարի, ուժեղ…

Այլեւս մեզ հետ չէ հայ երգի աննման կատարողը, ստեղծագործական եռանդի, անկեղծ հայրենասիրության մարմնացումը, բայց մեզ հետ են եւ հավերժ են նրա երգերը, գործերը, սերը… Մխիթարություն եւ սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին»,- նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ 2012 թ. ապրիլից Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի «Այլեւս երբեք» (Never Again) խորագիրը կրող նախագծին, որի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել