Արդեն մի քանի օր է, ֆեյսբուքի թոփային թեմաներից մեկը, որը բուռն ու միակողմանի քննարկվում է ֆեյսբուքահայության կողմից, դա Շենգավիթի ԲԿ-ի բժիշկ Շուշանիկ Բախշյանի ու մահացած ծննդկան Մերի Մարգարյանի պատմությունն է։ Մոտս այնպիսի տպավորություն է, որ մի 5 հազար հոգի անմիջականորեն ներգրավված է եղել այդ ողջ պրոցեսսին ու ամեն ինչ իր աչքով է տեսել, դրա համար էլ հիմա դահիճի կացինն առել ու ընկել են էդ բժշկուհու վրա։

Մի հատ պատմություն պատմեմ իրական, որ պատահել էր դասարանցուս հոր հետ տարիներ առաջ։ Նա Հայաստանի ամենաշնորհաշատ այրվածքաբաններից էր ու մի անգամ նրա հերթապահության ժամին հիվանդանոց են բերում մի քանի ամսական երեխայի՝ մարմնի մակերեսի 70+ տոկոսի 1-ին աստիճանի այրվածքներով։ Չեն կարողանում փրկել, ցավային շոկից մահանում ա։ Ու այնպես ստացվեց, որ երեխայի հարազատները ի վերջո այնպես արեցին, որ ընկերոջս հորը մեղավոր հանեցին ու թեև նրան չազատազրկեցին, նա կորցրեց աշխատանքը։ Ու արդյունքում, էն մարդիկ, ում անուշադրության պատճառով մի քանի ամսական երեխան նման այրվածքներ էր ստացել, գիտակցաբար, թե անգիտակից՝ իրենց մեղքը գցեցին ուրիշ մարդու վրա և դարձրեցին նրան քավության նոխազ։

Առակս ինչ կցուցանե, բժշկությունը շատ մուղղանաթ բան ա։ Կարող է տասնյակ տարիներ մարդկանց փրկես ու դրա մասին իմանան մենակ փրկվողներն ու կոլլեգաներդ, բայց մեկ էլ լինի մի հատ դեպք, որտեղ դու կարող ես մեղք էլ չունենալ, կամ մինիմալ մեղքի չափաբաժին ունենալ, կամ էլ անգամ լրիվ մեղավոր լինել ու բոլորը կսևեռվեն դրա վրա։ Մի բան սակայն հաստատ գիտեմ. էս պահի դրությամբ, բացի ինչ որ վայբեռի խոսակցությունից ու մահացած աղջկա եղբոր ասածից, ոչ մի ուրիշ բան ուղղակիորեն չի փաստում բժշկուհու անձնական մեղավորության մասին, իսկ արդարադատությունում կա անմեղության կանխավարկած հասկացողություն։ Դրանից էլ զատ, կա հոգեբանություն մարդկային ու ակնհայտ է, որ մահացողի հարազատները հիմա բնականաբար մեղավորների են փնտրելու, այլ կերպ լինել չէր էլ կարող, բայց դա ավտոմատ կերպով նրանց զրկում է օբյեկտիվ կողմ լինելու հնարավորությունից։

Դրա համար, դանակներդ դրեք պատյանների մեջ, բա որ ու պարզվի, որ էդ մարդը մեղավոր չի իրականում, էլի տենց հազարներով հրապարակային ներողությո՞ւն եք խնդրելու, ոնց հիմա հազարներով հրապարակային վիրավորանքներ ու մեղադրանքներ եք տեղում էդ բժշկուհու գլխին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել