Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը մեկնարկեց: Մեկնարկեց այնպես, ինչպես կարելի էր ենթադրել: Մեկնարկային տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Ֆուտբոլի Ակադեմիայում: Կարծում եմ՝ չկար գոնե մեկը, ով չհավատար Ալաշկերտի հաղթանակին: Համենայնդեպս, եվրագավաթներում այս թիմի ցուցադրած ՖՈՒՏԲՈԼԸ ստիպեց, գրեթե բոլորին, որպեսզի Ալաշկերտին իրավամբ համարեն այս առաջնության չեմպիոնի կոչման, եթե ոչ գլխավոր, ապա գոնե հավակնորդներից մեկը: Բնականաբար, առաջնությունը դեռ նոր է մեկնարկել եւ վաղ է խոսել վերջնական արդյունքների մասին: Սակայն հենց եվրագավաթները ցույց տվեցին, թե մեր ակումբներից որն է այս պահին պատրաստ լիարժեք: Գլխավոր խնդիրը հետեւյալն է. կհաջողվի՞ արդյոք Ալաշկերտին` պահպանել նման խաղը, թիմային ֆուտբոլը եւ տարածությունն անցնել բոլորից արդյունավետ: Մեկնարկային տուրում, փաստորեն, ականատեսը եղանք նաեւ Հայաստանի 2014թ.-ի լավագույն մարզիչ Սարգիս Հովսեփյանի եւ երկրորդը ճանաչված Աբրահամ Խաշմանյանի «միկրոմենամարտին»: Վստահությամբ կարող ենք փաստել, որ Խաշմանյանը հաղթեց զգալի առավելությամբ: Ճիշտ է՝ Փյունիկն առաջնության մեկնարկից առաջ, կարելի է ասել, որոշակի վերակազմավորվում է, բայց համաձայնեք, որ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պարտավոր է լուծումներ գտնել տարբեր իրավիճակներում: Չասենք, թե Հովսեփյանը նախ «ձախողվեց» մեկնարկային կազմի ընտրությամբ, սակայն այս տեսանկյունից նույնպես գերադասելի էին Խաշմանյանի ունակությունները: Ինչ վերաբերում է մարտավարությանը, խաղային սխեմային եւ տարատեսակ լուծումներին, ապա Խաշմանյանն այս առումով ոչ միայն գերազանցեց գործընկերոջը, այլ նաեւ ապացուցեց, որ ներկա պահին միակ մարզիչն է Հայաստանում, ով կարողանում է հենց խաղի ընթացքում կտրուկ փոխել՝ այն էլ մի քանի անգամ, թիմի մարտավարությունը: Ազգային ընտրանու խաղերը մեկնաբանելիս, կամ մեր հավաքականին ամեն անգամ անդրադառնալիս, մշտապես բարձրաձայնել եմ, որ մեր ընտրանու հաջողությունների համար անհրաժեշտ են խաղի ընթացքում հենց այդպիսի կտրուկ եւ ճիշտ մարտավարական փոփոխությունները: Հովսեփյանին ժամանակ է անհրաժեշտ, ընտրելու օպտիմալ կազմը, որով թիմը փորձելու է պահպանել չեմպիոնական տիտղոսը: Երկու թիմերն էլ լավ տեսք ունեին, դիտարժան ֆուտբոլ հրամցրեցին տրիբունաներում հավաքված ֆուտբոլասերներին, բայց վստահեցնում եմ, որ այդ խաղում հաղթեց ուժեղագույնը եւ արժանին:

Օրվա մյուս խաղում ավելի գերադասելի էին Բանանցի հնարավորությունները: Չնայած՝ Բանանցը նույնպես ունեցավ համալրումներ, սակայն Արամ Ոսկանյանի թիմի խնդիրները միանշանակ հնարավոր չէր համեմատել Միկայի խնդիրների հետ, քանի որ Միկան, կարելի է ասել, վերակազմավորվել է վերջերս: Ամեն դեպքում, հյուրերը կարողացան առաջինը գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Բայց, Բանանցին հաջողվեց խույս տալ պարտությունից, եւ նման դեպքում, այս միավորը պետք է գրանցել դաշտի տերերի ակտիվում:

Խաղային երկրորդ օրը կայացան վերջին երկու հանդիպումները: Հետաքրքրությամբ էր սպասվում Շիրակ-Գանձասար Կապան դիմակայությունը: Սպասված հսկայական լարվածությունն արտացոլվեց անմիջապես խաղադաշտում: Որպես արդյունք, շատ դեպքերում կոպիտ խաղ եւ մեծ քանակությամբ դեղին քարտեր: Գանձասարը վատ տեսք չուներ եւ, եթե ավելի համարձակ գործեր, ապա կշեռքի նժարը կարող էր թեքել իր կողմը: Սակայն Շիրակն ունի ֆուտբոլիստ, ում կարելի է համարել Հայաստանի առաջնությունների պատմության մեջ լավագույն երեք լեգեոներներից մեկը: Ժան-Ժակ Բուգուին կրկին ապացուցեց, որ նույնիսկ մնալով ստվերում, կարողանում է «հարցեր լուծել»: Շիրակը դժվարին հաղթանակ տարավ, որը թիմին անչափ անհրաժեշտ էր «շվեդական» անհաջողություններից հետո: Իսկ Գանձասարն էլ ապացուցեց, որ այս մրցաշրջանում, միանշանակ, պայքարելու է մրցանակային տեղերի համար:

Մեկնարկային տուրի վերջին խաղում էլ Արարատն ընդունել էր Ուլիսին: Ինչպես հասցրել էի նշել Գանձասար-Կապանի ֆեյսբուքյան էջում արված կանխատեսմանս մեջ, գերադասելի էին Արարատի հնարավորությունները: Նման տեսակետի գլխավոր հիմքը՝ կրկին ու նորից վերակազմավորվող Ուլիսն էր... Ցավալի է, որ նման պատկեր տեսնում ենք գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանում, բայց սա «հայկական ֆուտբոլն է»: Ամեն դեպքում, Արարատը կատարեց խնդիրը: Վարուժան Սուքիասյանի թիմը վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ, եւ նախորդ առաջնության ետնապահն այս մրցավազքը սկսեց հաղթանակով:

Հուսով եմ, որ այս մրցաշրջանում կտեսնենք այն հետաքրքրությունը, որը կար նախորդ առաջնությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել