Գիտնական, բժիշկ կամ հետազոտող լինելը նվիրված աշխատանք է պահանջում, որի համար երբեմն օգտագործվում է ամեն հնարավոր միջոց։ Ստորև ներկայացնում ենք գիտնականների, ովքեր հանուն գիտության իրենք իրենց են օգտագործել որպես փորձաճագար։

 6  Ջոնաս Սոլք (1914-1995թթ․)

Սոլքն ամբողջ աշխարհում հայտնի է 1952թ․-ին իր կողմից արված պոլիոմելիտի պատվաստուկի հայտնագործության համար, որը հանրությանը հասանելի դարձավ 1955թ․-ին։ Սոլքն իրական ալտրուիստ գիտնական էր, ով աշխատում էր հանուն մարդկության կյանքի բարելավման։ Կապիկների հետ անցկացրած հաջող փորձերից հետո Սոլքը պոլիոմելիտի պատվաստուկը փորձարկեց իր, կնոջ և նույնիսկ երեխաների վրա։ Սոլքին չէր հետաքրքրում պատվաստուկի հայտնագործության արտոնագիրը, իր գյուտից նա որևէ շահ չէր ակնկալում՝ բացի մարդկանց առողջությունից։

 5  Ալբերտ Հոֆման (1906-2008թթ․)

Շվեյցարացի քիմիկոս Հոֆմանն առաջինն էր, ով սինթեզեց LSD դեղը 1943թ․-ին, որը նա պլանավորում էր ստեղծել որպես կազդուրիչ միջոց։ Այն բանից հետո, երբ նա պատահականորեն LSD-ն իր մատների ծայրով ընդունեց, նա որոշեց դեղն արդեն կանխամտածված կերպով օգտագործել ու հետազոտել դրա ազդեցությունը։ Սա ամբողջովին փոխեց նրա հետազոտությունների ընթացքը։ Արդյունքում նա սկսեց հետազոտել հալուցինոգենների ազցդեցությունը, այդ թվում սինթետիկ պսիլոցիբինը, որը հայտնի է որպես հալուցինոգեն սնկերում առկա ակտիվ նյութ։ Նա պնդում էր, որ LSD-ն հոգեվերլուծության մեջ օգտագործելը չափազանց օգտակար էր։

 4  Քևին Ուարվիք (1954թ․)

Արհեստական ինտելեկտի ու ռոբոտիկայի մասնագետ անգլիացի գիտնական Քևին Ուարվիքը հեղափոխեց աշխարհը, երբ էլեկտրոդներ տեղադրեց իր նյարդային համակարգի մեջ՝ այսպիսով պարզելով, որ հեռահար ռոբոտային ձեռքն արձագանքում է էլեկտրոդների միջոցով ուղարկված ազդանշաններին՝ կրկնօրինակելով ձեռքի շարժումները։ Հաջող գիտափորձից հետո նա նույն սարքից տեղադրեց իր կնոջ ձեռքի մեջ՝ երկու «մարդ-ռոբոտային» վերջույթների միջև հաղորդակցություն ստեղծելու նպատակով։ Նրա աշխատանքը կարևոր նշանակություն ունեցավ հատկապես տրանսհումանիզմի տեխնոփիլիսոփայական ոլորտում, որի հետևորդները բանավիճում են մարդու մարմնին էլեկտրոնային հավելումներ տեղադրելու կամ չտեղադրելու էթիկական խնդիրների շուրջ։

 3  Ուերներ Ֆորսմեն (1904-1979թթ․)

Այս գերմանացի բժշկին 1956թ․-ին շնորհվել է Նոբելյան մրցանակ բժշկության ոլորտում սրտի կատետերիզացման ոլորտում անցկացրած հետազոտությունների համար։ Ֆորսմենը կատետեր էր տեղադրել իր սեփական երակի մեջ, մինչև որ այն հասել էր նրա աջ նախասիրտ։ Կատետերը սրտում՝ նա այնուհետև մեկ հարկ վեր էր բարձրացել՝ իր սրտի ռետգենային ճառագայթման պատկերը ստանալու համար. սրտի կատետերիզացման փորձը հաջողվել էր։ Նրա մոտեցումը քննադատության ենթարկվեց, և չնայած  այն բանին, որ նա հայտնի է սրտի հետազոտության ոլորտում ունեցած իր ներդրման համար, նրան հակասական կերպով էին վերաբերվում, ինչի արդյունքում ի վերջո նա սկսեց մասնագիտանալ ուրոլոգիայի ոլորտում։

 2  Ուիլյամ Հարինգթոն (1924-1992թթ.)

Հարինգթոնը, ով մասնագիտացած էր ավտոիմուն խանգարումների վրա, հատկապես այն խանգարումների, որոնք առաջանում էին արյան մեջ, իր հետազոտությունների մեծ մասն անց էր կացնում արյան՝ իդիոպատիկ տրոմբոցիտոպենիա պուրպուրա հիվանդությունն ունեցող հիվանդների հետ։ Որոշելու համար՝ արդյո՞ք հիվանդությունը փոխանցվում է արյան միջոցով կամ արդյո՞ք ողնուղեղից է ծագում՝  նա իր վարակված հիվանդներից մեկի արյունն իր արյունատար համակարգ ներարկեց։ Նրա մոտ հայտնվեցին հիվանդության ախտանշանները՝ կապույտ բծերի տեսքով, սակայն դրանք մաքրվեցին հարաբերականորեն ավելի արագ՝ հաստատելով, որ հիվանդությունը կրում են արյան թրոմբոցիտները, և որ այն վարակիչ չէ։

 1  Ջոսեֆ Գոլդբերգեր (1874 -1929թթ.)

Նյու Յորքում որպես ներգաղթյալ ապրող հունգարացի գիտնական Ջոզեֆ Գոլդբերգերը մասնագիտացված էր այն հիվանդությունների գծով, որոնք հիմնականում տարածված էին աղքատների շրջանում։ Նրա ամենահայտնի հայտնագործությունը պելագրայի պատճառների բացահայտումն էր։ Նա պնդում էր, որ այն առաջանում է թերսնուցման  հետևանքով և որ վարակիչ չէ։ Երբ սնուցման գիտափորձերը չհամոզեցին նրա գործընկերներին, նա ինքն իրեն ու կնոջը ներարկեց պելագրայով հիվանդների արյունը, որը բավարար էր ապացուցելու իր հայտնագործությունը, քանի որ հիվանդների արյունը նրանց չվարակեց։ Չնայած իր կյանքի տարիներին նրան չհաջողվեց գտնել սննդակարգում բացակայող էլեմենտը, որը հիվանդության առաջացման պատճառ էր հանդիսանում, այնուամենայնիվ, նրա մահվանից հետո անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ  այդ նյութը նիացինն էր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել