Այս առեղծվածային պատմությունը սկիզբ է առել ստալինյան բռնապետության տարիներին, թաքցվել վախի մթնոլորտում և բացահայտվել միայն մեր օրերում: 

Մինչև ծնկները ջրի մեջ աշխատող շինարարները ջրի հոսքը փակելու համար պատնեշ էին ստեղծել, որպեսզի հնարավոր լիներ փորել` կամրջի երեք սյուների հիմքերը դնելու համար: Արդեն բետոնը լցնելու պահին հանկարծ շինարարներից մեկը ձայն է տալիս բրիգադավար Հովհաննիսյանին. «Տես, թե ինչ եմ գտել»: Գտածոն ուղղահայաց կանգնած և դեպի հողի անհայտ շերտերը մխրճվող մետաղե սյուն էր` 25 սմ տրամագծով, կոնաձև գլխով և շրջանաձև փոսորակով: 

Սյունը, միանշանակորեն, բնության ստեղծագործություն չէր. չափազանց կարծր մետաղն ու իդեալական շրջագիծը մատնում էին դրա արհեստածին լինելը: Միևնույն ժամանակ, նման մետաղ մշակելու համար այդպիսի մեծության հաստոց անցյալ դարի 30-ականներին գոյություն ունենալ չէր կարող: Շինարարների համար անհասկանալի էր, թե ինչպես է պատրաստվել սյունը. եթե դրա մետաղը կաղապարով էր լցվել, ապա հետքերը որևէ տեղ պետք է երևային: Սակայն սյունն ամենակատարյալ կլորություն ուներ և այնքան կարծր էր, որ բանվորների մուրճերը ռետինե գնդակի նման հետ էին շպրտվում: Այն նույնիսկ քերծել չէր հաջողվում (սյանը հարվածող բանվորներից մեկի մուրճն այնպիսի ուժով է հետ թռել, որ նա հազիվ է խույս տվել` փրկվելով հուժկու հարվածից): Շինարարները դիմում են ղեկավարությանը՝ առաջարկելով հնագետների հրավիրել: Աշխատանքները դադարեցվում են: Սակայն մի քանի ժամ անց, չսպասելով մասնագետների ժամանումին, շինարարներին կարգադրվում է բետոնը լցնել հայտնաբերված սյան վրա...

Հրանտ Հովհաննիսյանի որդին` Արամայիս Գարեգինյանը, հյուրընկալվելով «Ճարտարապետություն, շինարարություն»ամսագրի խմբագրությունում, մեր ընթերցողների համար կրկին վերակենդանացրեց կամրջի կառուցման հետ կապված առեղծվածային պատմությունը, որը մահվանից առաջ հայրն իրեն էր վստահել, պատվիրել հիշել և պահպանել մինչև «բարի և խաղաղ ժամանակները», երբ հնարավոր կլիներ այդ մասին բարձրաձայնել:

Արամայիսը վստահ է, որ ժամանակակից տեխնիկայի համար խնդիր չէ քանդել բետոնը և ուսումնասիրել սյունը: Ընդ որում, հերքում է այն մտավախությունը, թե դրա համար կարիք կլինի կամուրջը քանդել: Նոր տեխնոլոգիաները լիովին ընձեռում են սյանը կողքից մոտենալու հնարավորությունը:

Արամայիս Գարեգինյանը սյունը պեղելու խնդրանքով դիմել է ԳԱԱ հնագիտության ինստիտուտին, սակայն պատասխան չի ստացել: Նման աշխատանքներ իրականացնելու համար որոշակի ծախսեր են հարկավոր: Սակայն գտածոն իր հնագիտական արժեքով կարող է հազարապատիկ գերազանցել ներդրումը: Այս մասին խոսում են անգամ օտարերկրացիները: Գարգինյանի կարծիքով Հաղթանակի կամրջի տակ գտնվող սյունը, ինչու չէ, կարող է լինել հայ ժողովրդի անցյալն ու ներկան կամրջող հաղթության սյուն` չափազանց կարևոր մեր ազգի համար: Դրա բացահայտումը կարող է փոխել գիտնականների հայացքը պատմական շատ իրադարձությունների վերաբերյալ: Դա կարող է լինել բանալի` բացելու համար այն դուռը, որը տանում է դեպի, գուցե և մեզ անհայտ քաղաքակրթություն: Սա հասկանալով` որոշ գործարարներ նույնիսկ պատրաստ են եղել հովանավորելու աշխատանքները: 
Հաղթանակի կամրջի տակ այս հետաքրքիր գտածոյի մասին մի քանի տարի առաջ ֆիլմ է ցուցադրել Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքը: Իսկ մեզ մոտ այս մասին դեռ լռում են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել