Հայդուկապետ Հրայր Դժոխքի ծածկանունն Ուրվական էր: Նա գիշերներն առանց ֆիդայիների, գյուղական շորեր հագած, միայնակ շրջում էր գյուղից գյուղ ու քարոզում միասնական զանգվածային ապստամբություն:

Չարենցն իր հայտնի «Պատգամ» ակրոստիկոսում, որտեղ կա «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» միտքը, օգտագործել է Հրայր Դժոխքի ճառերի բնաբանը:

Հրայրն ասում էր. «Ոչ փառք, ոչ հանգիստ, ոչ հաշիվ։ Ֆիդային պիտի մեռնի գնդակից, կախաղանի վրա կամ բանտի մեջ, եթե հավատարիմ է իր ուխտին»։ 

Ինքը ընկավ հենց գնդակից: Ականատեսների վկայությամբ՝ Հրայրի մահը վրա է հասել վիրավոր Սեպուհին օգնելու ժամանակ: Ուժ չունենալով ինքնուրույն նահանջել՝ Սեպուհը պատրաստվում է ինքնասպան լինել: Բայց Հրայրը չի թողնում, փորձում է մարտի դաշտից հանել ընկերոջը և սպանվում ճակատին դիպած գնդակից: Սեպուհը փրկվում է:

Ասում են՝ Հրայրն է մտցրել սրի և խաչի վրա ֆիդայինների երդվելու արարողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել