Դերասանուհի Արևիկ Գևորգյանը տևական ժամանակ է՝ էկրաններին չէ։ Նրան չեն բավարարում այն նախագծերը, որոնցում առաջարկում են նկարահանվել։ Արևիկը BlogNews.am-ին պատմել է լռության պատճառների, թատրոնում երազանքներն իրականացնելու ու շրջագայությունների մասին։

-Արևիկ, տևական ժամանակ է, ինչ էկրաններին չես, շուտով մեկնարկում է հեռուստատեսային նոր եթերաշրջանը։ Քեզ կտեսնե՞նք նոր նախագծերում։

-Եղել են նոր նախագծերում նկարահանվելու առաջարկներ, սակայն մերժել եմ։

-Ինչո՞ւ, ինչը քեզ չի բավարարել այդ առաջարկներում։

-Պրոֆեսիոնալիզմը։ Խանգարող հանգամանք է նաև զբաղվածությունս Թատերականում, սակայն առաջնայինն այն է, որ ես պետք է «հիվանդանամ» նոր նյութով։ Եթե ոչ, չեմ կարողանում նվիրել ինձ տվյալ գործին։

- Հեռուստատեսային աշխատանքը կարևոր է նաև ֆինանսական տեսանկյունից, որովհետև թատրոնի աշխատանքը որքան էլ հաճելի է, եկամտաբեր չէ, իսկ ապրել պետք է։ Երբ հեռուստատեսությունում չես աշխատում, բարդ չէ՞։

-Դե, բարդություններ բոլորն էլ ունենում են, բայց հիմա այն կարգավիճակում չեմ, որ հանուն ֆինանսի նկարահանվեմ այնտեղ, որտեղ չեմ ցանկանում։ Ծնողներս օգնում են ինձ, ես էլ մեծ ծախսերի կարիք չունեմ։

Ես սիրում եմ իմ կյանքի այս շրջանը, երբ ամեն օր սովորում եմ։ Հուսով եմ՝ կլինի այնպիսի առաջարկ, որ ինձ դուր կգա։ Թատրոնը դեռ ինձ չի տվել ֆինանս, սակայն այն ինձ տվել է ներքին բավարարվածություն, ինչն ավելի կարևոր է։

-Եթե հեռուստատեսությունում չգտնես այն, ինչ ցանկանում ես, քեզ չե՞նք տեսնի հեռուսատեսությունում։

-Հեռուստատեսությունում կան նաև լավ նախագծեր, սակայն դեռ չի ստացվել համագործակցել այդ նախագծերի հետ։ Ես չեմ մտածում այլ մասնագիտությամբ զբաղվելու մասին, քանի որ շատ եմ սիրում այն, ինչով հիմա զբաղվում եմ։ Ես երազել եմ այս ամենի մասին։

-Վերջերս Ֆրանսիայում էիր, ի՞նչ նպատակով էիր մեկնել։

-Մեկնել էինք հյուրախաղերի։ Առաջին անգամ էի այնտեղ, հրաշք ճանապարհորդություն էր։ Մենք ավտոբուսով 4 օր ճանապարհ գնացինք, անմոռանալի օրեր էին, կուրսղեկս՝ Ռուբեն Բաբայանը, այնպիսի պատմություններ էր պատմում ճանապարհին, որ կլանված լսում էի ու նայում շուրջս։

Եղել ենք նաև Գերմանիայում՝ Քյոլնում և Բեռլինում, Պրահայում, Լյուքսեմբուրգում... Անբացատրելի զգացողություն է, երբ առավոտյան աչքերդ բացում ես ու տեսնում, որ Էյֆելյան աշտարակի կողքին ես։

-Արդեն օգոստոսն է. մեկնելո՞ւ ես հանգստի։

-Երբ Ֆրանսիայից վերադարձա, ասացի՝ սա ինձ բավական է, սակայն այս ամիս պետք է մեկնեմ ԱՄՆ՝ մանկությանս ընկերուհու մոտ։ 4 տարի է՝ չեմ տեսել նրան։ Հիմա թղթաբանական գործերն ընթացքի մեջ են, կարծում եմ՝ կստացվի։ ԱՄՆ միայն հանգստի նպատակով չեմ մեկնում, գուցե նկարահանումներ էլ լինեն, սակայն առայժմ չեմ ցանկանում բացել փակագծերը։

-Երիտասարդներն ունեն ամերիկյան երազանք։ ԱՄՆ-ն քեզ համար է՞լ է երազանքների երկիր։

-ԱՄՆ-ում լինել միշտ ցանկացել եմ, սակայն ամերիկյան երազանք, որպես այդպիսին, չունեմ։ Ինձ հետաքրքիր է յուրաքանչյուր նոր բան։

-Շատերը մեկնում են ու չեն վերադառնում։ Ասացիր նաև, որ գործնական առաջարկ կա այնտեղ, հնարավո՞ր է՝ դու էլ չվերադառնաս։

-Ճամփորդել շատ եմ սիրում։ Դա շատ կարևոր է դերասանի համար, շատ կարևոր է, որ գնաս, ուրիշների թատրոններն էլ տեսնես։ Սակայն այլ երկրում հաստատվելու ցանկություն չունեմ, որովհետև շատ եմ սիրում Հայաստանս՝ Երևանս։ Նույնիսկ երբ Ֆրանսիայից էի վերադառնում, սրտատրոփ սպասում էի՝ երբ եմ հասնելու Երևան. տնից լավ տեղ չկա։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել