Այո, ես այլևս մոռացել եմ` ինչ կնշանակի զգացմունքներ, ինչ ասել է թախիծ, տխրություն, կարոտ, հուշեր, մանկություն, կամ նույնն է` խենթություն: Ես սովորել եմ իմ լռությանը, անանուն գոյությանը, անվերապահ նվիրմանը, անժամկետ խորտակմանը, ես մոռացել եմ ինքս իմ տողատակը, ես սևագրել եմ օրենսգրքիս հոդվածները, ես դադարել եմ կրել իմ էությունը...
Գուցե սպառվել եմ, գուցե մարել ես, գուցե մի հատ գիրկ կամ գոնե մի կիսատ շիշ, գուցե սիգարետ կամ կապույտ դենիմ, սակայն ի՞նչ տարբերություն, ամենն է անցողիկ:
Ես էլ իմ անցյալն եմ գրկել վաղաժամ, ես էլ անցողիկ եմ եղել մի ժամանակ, ես էլ աշուն եմ դառել, հետո սառել ու նոր արևի տակ հալվել, գլորվել...
Դու թվում ես մղձավանջ, հավերժ կաղապարված երազներիս անկյուններում, մտքիս թրթիռներում, որպես ջահել մի մոլագար, որ պոկվել է կյանքի կտուրներից, թափ առել քամու շնչից, վայր ընկել մի թեթև անձրևից...
Այլևս փնտրեմ գաղափարդ, թե խախտեմ անանձ լռությունը, որ կեղեքում է սրտիս հեռուները...
Ես տողադարձել եմ միացյալ մեր հուշերը, դրանք թողել եմ պատուհանից այն կողմ, որ ճախրեն իմ ու քո երազների երկնքում, հասնեն արևին, համբուրեն իմ ու քո փոխարեն նրա վեհությունը ու վերադառնան ետ՝ լուսավորելու իմ ու քո փոշոտած բացական...
Չկանք, թանկագինս, գուցե հորինել ենք, անտեսել ենք, բացառել ենք, մենք ինչ-որ հեքիաթ շփոթել ենք, մենք կերտել ենք՝ առանց իրականության մոլեկուլը վրձնելու, առանց իմ ու քո երազները ճեղքելու:
Մեռյալ անորոշությունը, անիծված մառախուղը, որ գոլորշել է հայացքիդ հատակները, բարությանդ ծիածանը, փեշերս գրկած անորոշությունը:
Տրվիր անհնարինի կախվածությանը, բռնվիր դրա կոտրված այլերից, քանդվիր դրա խենթացած ալիքից, նորից բարձրացիր, բայց մի լքիր...
Արի հողմին պատմենք մեր ընթերցված մենությունը, մեր բաշխված երջանկությունը, արի շտապենք դեպի անգույն կարոտները, դրանք մեր մեջ անէացել են, փոշիացել են, արի փրկենք ինքներս մեր ողբերգությունը...

Առնելա Այվայզյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել