ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն էր անցկացրել «Security dream» ընկերության ներկայացուցիչների հետ, որից հետո ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրած շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը ժամանակավորապես կհանվեն շահագործումից: Հանդիպման ընթացքում վարչապետը նաև հորդորել է մեղմացնել ոչ վտանգավոր խախտումների արձանագրումը, ինչպիսին հոծ գծերի տրորումն է:

Ճանապարհային երթևեկության տուգանքների մեղմացումները, իհարկե, միանշանակ չեն ընկալվում բնակչության կողմից, մի մասը գտնում է, որ երկրի ճանապարհային երթևեկության մակարդակը հեռու է իդեալական համարվելուց, այդ պատճառով պետք է խստացնել դրանք: Սակայն կարելի է փաստել, որ 2011թ.-ից սկսած, երբ տեղադրվեցին էլեկտրոնային հսկող սարքերը, արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն ավելացել է, իսկ դրանց հետևանքով պատճառված մարդկային զոհերի դեպքերը չեն նվազել:

Բնակչության մյուս հատվածն էլ գտնում է, որ կիրառվող տուգանքների չափերն անհամեմատ բարձր են՝ երկրի կենսամակարդակը հաշվի առնելով, դրան գումարած՝ տեղադրված էլեկտրոնային սարքերի քանակը մեկ մեքենայի հաշվով անգամներով գերազանցում է քաղաքակիրթ երկրների նույն ցուցանիշի մակարդակին, և ճանապարհային երթևեկության կանոնակարգման գործում պետք է պատժի համակարգից անցում կատարել ավելի քաղաքակիրթ՝ վստահության մակարդակին:

Ելնելով այս երկու հանգամանքներից՝ գալիս ենք այն եզրակացությանը, որ այս խնդրի լուծումը գտնվում է վտանգավոր խախտումների պատժաչափի ավելացման և ոչ վտանգավոր խախտումների պատժաչափերի նվազման հիմքում, բացի այդ՝ նաև անհրաժեշտ է քաղաքացիներին իրազեկել հնարավոր վտանգների մասին, այսինքն՝ սոցիալական գովազդների և այլնի միջոցով բնակչությանը ետ պահել հնարավոր ճանապարհային խախտումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել