ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը Անտիկյան ցուցասրահի նախաձեռնությամբ «Ժան-Պոլ Էքզիստենցիալ» սրճարանում երեկ ներկայացրեց իր «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պերֆորմանսը:

Նկարիչն Էրզրումի բարբառով պատմեց «Սասնա ծռեր» էպոսը՝ միաժամանակ ներկայացնելով իր գլանակների տպագրական արվեստը։ «Ամեն մի նկարչի համար խոսքի, բառի պատկերայնությունը սկսվում է մանկությունից։ Այդ իսկ պատճառով պատմեցի ոչ թե Սասնա կամ Մշո բարբառով, այլ  իմ մանկության՝ Էրզրումի բարբառով՝ Գյումրիի խոսվածքով,- ասաց նա և հավելեց,- ես շատ զարմացա, երբ մի օր հասկացա, որ այն «Սասունցի Դավիթը», որ մենք անցել ենք դպրոցում, կապ չունի իրական «Սասունցի Դավթի» հետ, որովհետև երբ ես ձեռք բերեցի Աբեղյանի կազմած 5 հատորները, այնտեղ «Սասունցի Դավթի» 75 պատում կար. դրանք լի էին կյանքային դրվագներով՝ էրոտիկայով, մարդկային ճիշտ հարաբերություններով»։

Նկարիչն այս նախագիծը սկսել է երեք տարի առաջ, այն խոսքի և պատկերի համադրություն է։ Արվեստագետը նշեց, որ որպես նկարիչ՝ իրեն վաղուց է հետաքրքրել խոսքի և պատկերի կապը։ Կավի վրա պատկերները ստանալու համար նա օգտվում էր կլոր գլաններից, որոնք կան Հայաստանի պատմության թանգարանում: «Սա կոչվում է գլանակների տպագրական արվեստ՝ տպագրական հին մեթոդ է, որը շատ հայտնի էր Միջին Արևելքում։ Այն շատ նման է ժամանակակից տպագրական գործիքի. այն եղանակով, որով ես խոսելու ընթացքում ստացա պատկերները, կարելի է օրական հազարներով տպել»,- ասաց նա։ Արարատ Սարգսյանը տպագրել է եռալեզու պատկերագիր (հայերեն (էրզրումի բարբառով), անգլերեն և գերմաներեն): 

«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պատումը ներկայացվել է նաև Վենետիկի ժամանակակից արվեստի 55-րդ բիենալեում:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել