Tert.am-ը գրում է.

Դեռևս հուլիսի 7-ին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԱՄՆ-ում էին, ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Սա բավական լուրջ ուղերձ էր Մոսկվային, ինչի պատասխանը Մոսկվան չուշացրեց. ուղիղ երեք օր հետո Ռուսաստանը նախաձեռնեց հերթական սողացող ագրեսիան Վրաստանի նկատմամբ, ինչը շատ մտահոգիչ ու լուրջ քայլ էր, որով ՌԴ-ն վերահաստատում էր Հարավային Կովկասում ապակայունացնող քաղաքականություն իրականացնելու իր քայլը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «ԼՂ հակամարտություն. Ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցը տարածաշրջան և լրատվամիջոցներին տված հարցազրույցը խոսում էր այն մասին, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա նոր լարվածություն Հարավային Կովկասում:

«Սա նշանակում է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը սառը պատերազմի մեջ են, սակայն, այդուհանդերձ, կոչ է արվում համագործակցության, սա նշանակում է, նրանք լարվածություն չեն ուզում»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Շարունակելով իր խոսքը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, Դավիթ Շահնազարյանն ասաց, թե իրավիճակը հիմա լրիվ այլ է. «Ինչին առնվազն հիմա կփորձեն հասնել համանախագահները՝ դա շփման գծում լարվածություն թույլ չտալն է, հաջորդը՝ Մինսկի խմբի դերի բարձրացումը տարածաշրջանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել