Tert.am-ը գրում է.

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ երկրում սկսում է ուժեղանալ հակաքրդական հիստերիան։ Ըստ նրա՝ վաղաժամկետ ընտրությունների հավանականությունը 75% է, իսկ նոր կառավարության ձևավորման հնարավորությունը՝ 25%:

Նա նշեց, որ այդ պատճառով լարված իրավիճակ է առաջացել Թուրքիայում, ինչը ձեռնտու է իշխող կառավարությանը: «Էրդողանը պատրաստ է գնալ վաղաժամկետ ընտրությունների, քանի որ հույս ունի, որ այդ պարագայում ավելի շատ ձայներ կստանա և հնարավորություն կունենա կազմելու միատարր կառավարություն և ոչ թե կոալիցիա»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ Սիրիայում և Իրաքում տեղի ուենցող իրադարձությունները պետք է կապել Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հետ: Ըստ նրա՝ Թուրքիայի նպատակն է՝ հարված հասցնել Քրդական բանվորական կուսակցության դիրքերին, թուլացնել Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցությունը, որպեսզի վաղաժամկետ ընտրություններին այն չկարողանա հաղթահարել տասը տոկոսանոց շեմը:

«Թուրքիայում սկսում է ուժեղանալ հակաքրդական հիստերիա, ինչը վարպետորեն օգտագործվում է իշխող կուսակցության կողմից և դեռ կօգտագործվի»,- ասաց նա և նշեց, որ այս հանգամանքները իրենց դերը խաղում են արտաքին քաղաքականության ուղեգծի ձևավորման մեջ։

Ըստ նրա՝ եթե հակաքրդական հիստերիան էլ ավելի ուժեղանա, ապա դա կարող է իր ազդեցությունն ունենալ հայերի հետ կապված իրադրության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել