Գևորգ ՊետրոսյանՀունիսի 7-ին Թուրքիայում վճռորոշ ընտրություններ էին, որոնց արդյունքները մեր արևմտյան հարևանի համար ստեղծեցին վերջին 13 տարիների համար աննախադեպ իրավիճակ. իշխող, չափավոր իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստիպված է մտածել կոալիցիոն կառավարություն կազմելու մասին, իսկ հիմնադրումից ի վեր բոլոր ընտրություններում շարունակաբար հաջողություններ գրանցող այս քաղաքական ուժը երբևէ նման խնդրի առաջ չի կանգնել՝ մշտապես ձևավորելով միակուսակցական կառավարություններ: Իսկ դե ֆակտո Էրդողանի և դե յուրե Դավութօղլուի գլխավորած ԱԶԿ-ի համար ձախողված ընտրության (զարմանալի է, բայց ԱԶԿ-ի հավաքած 40 տոկոս ձայնը Թուրքիայի ընտրական բարդ հաշվարկի արդյունքում ձախողում է դիտարկվում) պատճառը ոչ թե իր գլխավոր ընդդիմադիր ուժն էր՝ քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (այս ուժը հավաքեց իր համար ավանդական դարձած 25 տոկոսը), այլ… քրդերը, ավելի հստակ՝ քրդական/քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը:

Այո, այո, քրդերը, ովքեր այս անգամ որոշեցին ընտրություններին մասնակցել համամասնական ցուցակով: Քրդական քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրը Թուրքիայի խորհրդարանի 10 տոկոսանոց անցողիկ շեմի հաղթահարումն էր, սակայն «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն ավելի համարձակ գտնվեց՝ հավաքելով ձայների 13 տոկոսը և ապահովելով 80 պատգամավորական մանդատ 550 հոգանոց մեջլիսում: Եվ հազարավոր քրդեր, որոնք նախկինում ձայն էին տալիս Էրդողանին, այս անգամ իրենց քվեն տվեցին ԺԴԿ-ին:
Քրդական ուժն էլ ընտրարշավի ընթացքում շեշտը դրեց ազգային ու կրոնական փոքրամասնությունների, ձախաթևյան կողմնորոշում ունեցող քաղաքացիների վրա, ինչն էլ դարձավ նրա հաջողության գրավականներից մեկը: Քրդական կուսակցության շարքերից 55 տարի ընդմիջումից հետո խորհրդարան անցավ հայ պատգամավոր Կարո Փայլանը (ևս 2 հայ պատգամավոր անցան ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի ցուցակներով):
Եվ այս 13 տոկոսը վճռորոշ դարձավ իշխող ԱԶԿ-ի համար, որպեսզի ոչ միայն հետաձգի սահմանադրական փոփոխություններ անցկացնելու նպատակները, այլև ոչ ավել, ոչ պակաս, մտածի կոալիցիոն կառավարության մասին:
Չկենտրոնանալով միայն ընտրությունների արդյունքների և իշխող ու ընդդիմադիր ուժերի ձայների բաշխման վրա՝ ընդգծենք հայերի և Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի զարգացում, որի «մեղավորն» այս ընտրություններն ու քրդերն էին:
Ընտրությունների արդյունքներով քրդերը ցույց տվեցին, որ ևս մեկ քայլ են կատարել քաղաքական ինքնագիտակցության աճի ճանապարհին: Մեզ համար կարևոր է նաև այն, որ ՀՀ-ին սահմանակից ներկայիս Թուրքիայի Կարսի, Արդահանի և Իգդիրի նահանգներում քրդերը վստահ հաղթանակներ տոնեցին, իսկ անցյալ ընտրություններին այս հատվածում ԱԶԿ-ն էր դեռ մրցունակ:

Այստեղ պետք է վերադառնալ այն իրողությանը, որ Հայաստանի Հանրապետության սահմանակից շրջաններում, այսինքն՝ մեր պատմական հայրենիքի զգալի հատվածում բնակվող քրդերն այս ընտրություններով առաջընթաց ունեցան քաղաքական ինքնակազմակերպման հարցում, ինչը, իմ կարծիքով, նրանց մեկ քայլ մոտեցնում է Թուրքիայի Հանրապետության կազմում ինքնավարության տեսլականին, իսկ ավելի ուշ հեռանկարի համար՝ նաև հնարավոր անկախացմանը: Իսկ սրանք այն զարգացումներն են, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք, որոնք ուղղակիորեն մեզ էլ են առնչվում, թե պատմական տեսանկյունից, թե ռեալ պոլիտիկի: Թուրքիայի մի շարք արևելյան և հարավարևելյան նահանգներում քրդերի հաղթանակը ոչ միայն արտահայտում է քաղաքական միասնականության և կազմակերպման ընդհանուր աճը, այլ նաև այդ վայրերի դեմոգրաֆիկ պատկերը: Այս տարածքների զգալի հատվածում մեծամասնություն կազմող քրդերը շարունակում են պահպանել ծնելիության բարձր աճը, ինչի մասին վկայում են Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալները: Համառոտ ձևակերպելով՝ պատմական Հայաստանում դեմոգրաֆիկ վեկտորը շարունակաբար ձգտում է դեպի միատարր քրդական բնակչություն:

Հայ հասարակությունը և հայկական պետությունը պետք է հասկանան, որ որքան էլ սահմանից այն կողմ թուրքական պետությունն է, սակայն այդ հատվածում ներկայիս բնակիչները քրդերն են, որոնք շարունակում են ոչ միայն բնական աճը, այլ նաև նրանց մոտ աճում է քաղաքական ինքնագիտակցությունը, ուստի պետք է պատրաստ լինել տարատիպ զարգացումների:

Ժամանակն է կողմնորոշվել և հասկանալ, թե արդյոք քրդերին պետք է դիտարկել, որոշ վերապահումներով, դաշնակից, թե, այնուամենայնիվ, որպես հակառակորդ, որը ոչ միայն մասնակից է եղել Հայոց ցեղասպանության իրագործմանը, այլև այսօր էլ ապրում է մեր հայրենիքում…

Չէ՞ որ այս ընտրության հարցը մեզ համար ևս մեկ անգամ օրակարգ է գալիս հունիսյոթյան զարգացումներից հետո: Իհարկե, ներկայում բավական բարդ է պատասխան տալ, թե ինչպես պետք է կառուցել հարաբերությունները քրդերի հետ: Նման պատասխան ստանալու համար պետք են խորը փորձագիտական, պատմագիտական, քաղաքագիտական ուսումնասիրություններ, վերլուծություններ, հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերից սկսած և վերջացրած պետական մակարդակով:
Սակայն ակհայտ է, որ այս ամենը պետք է արդեն սկսել, պատրաստ լինելը օրվա հրամայական է, այն էլ՝ փոփոխվող և անկանխատեսելի Մերձավոր Արևելքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել