Կոռուպցիայի մինիմալացումը մրցակցության ու առողջ բիզնես-միջավայր կառուցելու գլխավոր նախապայմաններից է: Կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր երկրներ կիրառում են զանազան միջոցներ: Որոշ ժամանակ առաջ մամուլում լայն տարածում էր ստացել ՀՀ Կառավարության հակակոռուպցիոն խորհուրդ ստեղծելու մասին որոշումը:

Այսօր արդեն տեղի ունեցավ վերը նշված խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ սույն խորհրդի շրջանակներում ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության միջև կստորագրվի համաձայնագիր: Ինչպես նաև նա նշել է, որ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին` կյանքի կոչելու կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը:

Այս պայքարի համար հիմա կա 4 առանցքային ոլորտ` կրթություն, առողջապահություն, ոստիկանություն և պետական եկամուտներ:

Նիստին ներկա գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն իր խոսքում առաջարկել է բացի վարչական պատասխանատվությունից, աշխատանքից ազատելուց, պաշտոնն իջեցնելուց, նկատողություն տալուց՝ քննարկման առարկա դարձնել նաև քրեական պատժի ենթարկելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել