Tert.am-ը գրում է.

Կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային Transparency International կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, հայտարարության մեջ ասված է, որ միջազգային դիտորդները նկատել են, որ Լեյլայի և Արիֆի վիճակը վատացել է այն ժամանակաշրջանում, երբ  Բաքվում «քաղաքական բնույթ ունեցող» նրանց դատավարությունն է ընթանում։

Լեյլան շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և լյարդի լուրջ հիվանդություն ունի. սակայն իշխանությունները թույլ չեն տալիս հոսպիտալացնել նրան և ադեկվատ բուժում ցուցաբերել։ Այս ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։

Նրա ամուսինը հիպերտոնիա ունի։

«Transparency International-ը կարծում է, որ նրանք երկուսն էլ մարդասիրական նպատակներով պետք է ազատ արձակվեն՝ արդար դատավարության բացակայության ֆոնին»,-ասված է հայտարարության մեջ։

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Անն Կոչը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ի ցույց դնի իր հավատարմությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և անհապաղ ազատ արձակի Լեյլա և Արիֆ Յունուսներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել