Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգն էապես աճել է՝ հաշվի առնելով, որ մեր և հարակից տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումների  նոր փուլ է սկսվել:  «Թեև նախկինում ևս հրադադարի պարբերական խախտումներն ու բաժանարար գծի երկայնքով իրավիճակը թեժ պահելն ադրբեջանական շանտաժի քաղաքականության կարևոր բաղադրատարրեր էին, այժմ՝ իրավիճակի որակական փոխակերպման հետևանքով, պատերազմական գործողությունների վերսկսման վտանգն էապես աճել է»,- ասաց նա:

-Պարո՛ն Մելիքյան, վերջին շրջանում կրկին սահմանին լարվածությունը ադրբեջանական կողմը մեծացնում է, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Մեր և հարակից տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումները նոր փուլ են թևակոխել: Թեև նախկինում ևս հրադադարի պարբերական խախտումներն ու բաժանարար գծի երկայնքով իրավիճակը թեժ պահելն ադրբեջանական շանտաժի քաղաքականության կարևոր բաղադրատարրեր էին, այժմ՝ իրավիճակի որակական փոխակերպման հետևանքով, պատերազմական գործողությունների վերսկսման վտանգն էապես աճել է:

-Նկատելի՞ է արդյոք բանակցային գործընթացների տեղաշարժ՝ հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների  տարբեր նպատակներով հանդիպումները, տարբեր  հայտարարությունները, անգամ նաև Արտաքին գործերի նախարարների մակարդակով և եթե այո, ապա ինչ սպասելիքներ կարող են լինել: Օրերս նաև հրապարակում եղավ, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Իգոր Սերգունը Երևանում է եղել, Բաքու էր մեկնել ԱՄՆ միջազգային էներգետիկ հարցերով պետդեպարտամենտի համակարգողը: Նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ բանակցային գործընթացում կարող է առաջընթաց նկատվել:

- Պետք է իրատես լինենք՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա տևական կայուն խաղաղություն հաստատելը անհավանական մի բան է: Եթե այդ սկզբունքների որոշ դրույթներ չվերանայվեն ու դրանցում առկա էական բացերը չլրացվեն նոր գաղափարներով, ապա դրանց կիրառմամբ առկա ստատուս քվոյի խախտումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հակամարտության կողմերից մեկը ստիպված լինի իր ռազմական կամ դիվանագիտական կապիտուլյացիայի մասին հայտարարել:

-Տեղեկություններ կան, որ այս օրերին ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Սարգսյանի ու Ալիևի հերթական հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումից:

-Եթե իմ ակնարկած լրացումներն ու նոր գաղափարները գոնե սաղմնային վիճակում դեռ չկան, ապա հատուկ սպասելիքներ նման հանդիպումից չարժե ունենալ՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական մոտեցումները դեռ շատ հեռու են միմյանցից, եթե չասենք՝ միանգամայն հակադիր:

-Հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ  Հայաստանը շահագրգռված է հարցի խաղաղ կարգավորմամբ, ի հակադրություն ադրբեջանական կողմի: Չնայած միջազգային հանրությունը Հայաստանի դիրքորոշումն է հաստատում, բայց հնարավո՞ր համարում եք լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:

-Կողմերից յուրաքանչյուրն իր մարտավարությունն ունի այս հարցում՝ եթե ոչ ցանկալի արդյունքին հասնելու, ապա գոնե տապալումից խուսափելու համար, սակայն քանի որ կողմերի մոտ անմիջնորդ երկխոսություն վարելու կամքը չկա, այդ մարտավարությունը մինչ այժմ սպասողական-կրավորական բնույթ ուներ: Այժմ իրավիճակը որակական փոփոխության է ենթարկվել և պատերազմը վերսկսելու վերաբերյալ ադրբեջանական սպառնալիքները կարող են գործի վերածվել:

-Տեսակետներ են հայտնում, որ Իրանի հետ Արևմուտքի գործընթացներին զուգահեռ տարածաշրջանի և ԼՂ հարցը առաջնային պլան է եկել: Համակարծի՞ք եք և ի՞նչ զարգացումների կարելի է սպասել:

-Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորումն ու համագործակցության բացվող հնարավորություններն իրենց ազդեցությունն են ունենալու կարգավորման գործընթացի վրա: Չեմ զարմանա անգամ, եթե առաջիկայում ԱՄՆ-ի համար ընդունելի դառնա իրանցի խաղաղարարների մասնակցությունը կարգավորման գործընթացին: Այլ հարց է, որ իրական կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական գործիքների կիրառմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել