Մի սովորական օր ԱՄՆ Բալթիմոր քաղաքի Walmart սուպերմարկետից տեղի ոստիկանական բաժանմունք ահազանգ ստացվեց. գողություն էր կատարվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկան Մարկ Ինգրավալի առջև այնպիսի մի հուզիչ տեսարան բացվեց, որ նա ուղղակի ի զորու չէր ձերբակալել գող կնոջը։

Բանն այն էր, որ սուպերմարկետի աշխատակիցները գողություն կատարելու պահին բռնել էին միայնակ մայր Սառա Ռոբինսոնին և վերջինիս 15–ամյա աղջկան։ Նրանց գողոնը բաղկացած էր մանկական տակդիրներից, մի քանի զույգ, տարբեր չափսերի կոշիկներից, հիգիենիկ անձեռոցիկներից։ Ընդհանուր առմամբ՝ 300 դոլարի ապրանք։

Ընտանիքը հուսահատված էր։ Սառան վերջին խնայողությունները բնակարանի վարձ էր տվել, բայց տանտիրոջ հետ վեճի պատճառով նրանց ուղղակի դուրս էին հանել, և այժմ 5 անձից բաղկացած ընտանիքը բնակվում էր ավտոմեքենայում։

Ոստիկան Ինգրավալի առջև բացված տեսարանը նրան անելանելի դրության մեջ դրեց։ Ինքն էլ 2 երեխայի հայր էր, և ինչպե՞ս կընդունվեր, եթե կարիքից դրդված իր կինը նման քայլի դիմեր։ Եվ նա արեց այն, ինչն ընդմիշտ պետք է փոխեր անօթևան կնոջ և նրա մանկահասակ երեխաների կյանքը։ Փոխանակ ձերբակալելու՝ Մարկը վճարեց գողացված ապրանքի 300 դոլարը։

– Գուցե Walmart–ը սա գողություն է համարում, բայց իմ առջև անելանելի վիճակում հայտնված կին է կանգնած,– հետո պետք է լրագրողներին պատմեր ոստիկանը։

Պատմությունը բարեհաջող ավարտ ունեցավ։ Ոստիկանի արարքը գնահատվեց հասարակության կողմից։ Այդ մասին գրեցին New York Daily News–ը, CNN–ը, Fox–ը և խոսեցին «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման շրջանակներում։ Այն ոստիկանական բաժանմունքը, որտեղ ծառայում էր Մարկը, բառի բուն իմաստով ողողվեց օգնության առաջարկություններ պարունակող զանգերով։ 500 մարդ 16 երկրից, և դա ընդամենը մեկ օրում։

Սկզբում տակդիրներ, կոշիկ և հագուստ էին բերում ոստիկանական բաժանմունք, հետո Մարկի միջոցով նաև կանխիկ գումար փոխանցեցին։ Ընդհանուր առմամբ 6000 դոլար։ 

Այն բանից հետո, երբ Սառայի անունով բանկում հաշվեհամար բացվեց, նվիրատվություններ սկսեցին գալ աշխարհի տարբեր ծայրերից։

Բայց, այնուամենայնիվ, կնոջ նկատմամբ քրեական գործը քննվելու է տեղի շրջանային դատարանում։ Ինչ էլ որ լինի, նա օրենք է խախտել, բայց որ բանտ չի նստի, դա հաստատ է։ Իսկ ամենակարևորը, որ այսուհետ իր և իր փոքրիկների համար նորմալ և արժանապատիվ կյանք կսկսվի։

7c48d0e46386349eedbd98c67f54cb59

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել