Tert.am-ը գրում է.

Օրենքում նշված 40C ջերմաստիճանի դեպքում հատուկ ընդմիջում տրամադրելը վերաբերում է հիմնականում դրսում աշխատողներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանական պալատի անդամ Անի Աթանեսյանը՝  պատասխանելով հարցին, թե օրենքը ինչ է նախատեսում 40C ջերմաստիճանի պայմաններում աշխատելու պարագայում։

Նա նշեց, որ դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում չունի։ «Իհարկե բնակչության մեջ ընդունված է, որ եթե 40 աստիճան է դրսում, ուրեմն գործատուներից իրավունք ունենք պահանջելու լրացուցիչ ընդմիջում, սակայն օրենքի բավականին հմուտ, ճկուն ձևակերպումների արդյունքում  ստացել ենք այն, որ սա վերաբերում է այն պայմաններին, երբ քո շուրջը  40 աստիճան ջերմաստիճան է, ինչը զարմանալի չէ։ Օրենքի տրամաբանությունը նաև նրանից է բխում, որ գործատուն ապահովի աշխատանք կատարելու լիարժեք պայմաններ»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ դա այն ջերմաստիճանն է, որի դեպքում մարդն ունակ չէ աշխատանք կատարելու, իսկ դրսի պայմաններում աշխատողներին օրենքը նախատեսում է պարտադիր հատուկ ընդմիջումներ տրամադրել։

Նշենք, որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճանից բարձր կամ մինուս 10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական, գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում: 

Հիշեցնենք, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունիցհայտնել են, որ Երևանում հուլիսի 28-30-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին` +40 աստիճան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել