Օրեր առաջ երգչուհի Լիլուն իր ֆեյսբուքյան էջում արել էր հետևյալ գրառումը. «Երկար բանակցություններից հետո վերջապես համաձայնվեցի հանդես գալ որպես հաղորդավարուհի, և շնորհիվ իմ պրոֆեսիոնալ գործընկերոջ՝ Սամվել Գրիգորյանի հետ համատեղ աշխատանքը համարում եմ ստացված»։ BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհու պրոդյուսեր Լիլինան պատմեց մանրամասները. «Սամվել Գրիգորյանի մտահղացումն էր Լիլուին տեսնել ոչ միայն որպես երգչուհի, այլև որպես հաղորդավարուհի: Երեք օր քննարկումներից հետո որոշեցինք, որ համագործակցեն իրար հետ»:

Երգչուհին հարսանյաց հանդես է վարել, որից հետո նոր առաջարկ է ստացել՝ Մոնակոյում վարել հոբելյանական երեկո: Հետաքրքրվեցինք նաև հոնորարների մասին, ինչին Լիլինան այսպես պատասխանեց. «Դա էական նշանակություն չունի, մենք համաձայնության եկանք ոչ թե բարձր հոնորար ստանալու համար, այլ Լիլուին որպես հաղորդավարուհի փորձելու համար: Ի դեպ, Լիլուն այդքան էլ ցածր հոնորար չի ստանում»:

Խոսելով Լիլուի՝ հետագայում նաև որպես հաղորդավարուհի հանդես գալու մասին՝ Լիլինան նշեց. «Եթե համարենք, որ համագործակցությունը ստացվել է, ապա միգուցե շարունակենք, ինչո՞ւ ոչ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել