Tert.am-ը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ճիշտ չի համարում, որ սահմանադրական բարեփոխումների ամենակարևոր` կառավարության ձևավորման դրույթում շատ մեխանիզմներ «չեն բացվում» և թողնվում են հետագա, ըստ ամենայնի, Ընտրական օրենսգրքով կարգավորումներին, ինչն էլ առաջացրել է ընդդիմադիրների դժգոհությունը:

Tert.am.am-ի հետ զրույցում Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի հիմնական քննադատության տեղիք է տվել երկրորդ փուլով Ազգային ժողովում կայուն մեծամասնություն ձևավորելու գաղափարը, նշեց, որ  դժգոհության հիմնական պատճառն այն է, որ ամեն ինչ արվում է արհեստականորեն  կայուն մեծամասնություն ձևավորելու համար: 

«Դա պետք է գրված լինի, մինչդեռ այսօրվա օրով որևէ մեխանիզմ ռեալ չի բացատրվում, ամեն ինչ թողնվում է հետոյին` ապագայում Ընտրական օրենսգրքով բացելուն»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս կապակցությամբ մեկնաբանել էր և նշել, որ մարդիկ  թյուրըմբռնման մեջ են, քանի որ առաջին փուլի ավարտից  հետո այն բոլոր կուսակցություններն ու դաշինքները, որոնք հաղթահարել են 5 և 7 տոկոսը, նրանք իրենց տեղերը խորհրդարանում արդեն ապահովել են: 

«Եվ միայն կառավարություն ձևավորելու համար է, որ կարողանան ունենալ մեծամասնություն, հնարավորություն է տրված` դաշինքներ կազմելու և երկրորդ փուլ մտնելու կամ առանց դաշինքների երկրորդ փուլ մտնելու: Որպեսզի ձևավորվի մեծամասնություն և այդ մեծամասնությունը կարողանա ձևավորել կառավարություն: Եթե իրենք ցանկանան կազմել դաշինքներ, կոալիցիաներ իրենց  5-ական, 7, 8 տոկոսներով, նրանք կարող են կազմել այդ դաշինքը արդեն պառլամենտում»,- ասել էր Վահրամ Բաղդասարյանը:

Վիգեն Հակոբյանն, ի պատասխան, ասաց, որ Վահրամ Բաղդասարյանի մեկնաբանությունը երբևէ չի կարող համարվել պաշտոնական մեկնաբանություն և կրկնեց, որ դա պետք է գրված լինի:

«Կարող է` հետո Ընտրական օրենսգրքում  բացվի այդ թեզը, ինչպես և այն, որ ասում է, որ ԱԺ-ն պետք է ունենա «առնվազն 101 պատգամավոր»: Թե հանրապետականները ինչպես են մեկնաբանում, կամ ինչպես կմեկնաբանեն, այլ խնդիր է, համենայնդեպս, Սահմանադրության այս` հրապարակված գլուխներում այդ թեզերը չեն բացվում: Դա մեկնաբանության խնդիր է, այսինքն` օրենքներն ու Սահմանադրությունը չպետք է այնպես գրվեն, որ ամեն մեկը ոնց ուզի, այնպես մեկնաբանի»,- նշեց քաղտեխնոլոգը:

Ի դեպ, նա պատահական չի համարում, որ այսօրվա դրությամբ ամենակարևոր գլուխներից մեկը՝ կառավարության ձևավորման հատվածը չի բացատրվում, ապագայի «տորգերի համար», երբ բանավեճն արդեն տեղափոխված կլինի իրավական համակարգ, քանի որ, ըստ նրա, այս պահին սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթանում է քաղաքական բանավեճ, այլ ոչ իրավական հարթության մեջ քննարկում:

Իսկ կուսակցությունների դժգոհությունը բացատրվում է հետևյալով, թե այս գլուխներով ու դրանցում անհստակություններով`փաստացի խաթարվում է այն գաղափարը, որ խորհրդարանական ընտրություններում անպայման չէ, որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն կազմի, որպեսզի խորհրդարան մտնի:

«Քանի որ քաղաքացիները կոնկրետ նախասիրություններ ունեն, ինչ-որ մեկը քվեարկում է ինչ-որ մի կուսակցության, որը հավաքում է ոչ թե 39 տոկոս կամ 51, այլ 6 է հավաքում և շեմը անցնում է: Այսինքն` այդ պարագայում է բազմակուսակցական համակարգ ձևավորվում, կուսակցությունները կարողանում են զարգանալ, ապագա ունեն»,- հայտարարեց Վիգեն Հակոբյանը:

Իսկ այս պարագայում, ըստ Վիգեն Հակոբյանի, կուսակցությունները այս համակարգի պարագայում ուղղակի կսպանվեն, քանի որ ռեալ երկկուսակցական համակարգ է ձևավորվում:

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ դժգոհել էր, որ ժողովրդից խլվում է ուղղակի ընտրության ինստիտուտը, քանի որ ՀՀ նախագահին ընտրում են ընտրիչները:

Այս քննադատության հետ Վիգեն Հակոբյանը համաձայն չէ, քանի որ նկատեց, որ դա վերաբերում է միմիայն ՀՀ նախագահի ինստիտուտին, որի լիազորությունները խիստ սահմանափակ են:

«Եվ չմոռանանք, որ այս համակարգի անցած երկրներ կան, որտեղ, ընդհանրապես, նախագահի ինստիտուտը վերանում է, լինում է միայն վարչապետ: Հիմա մեզ մոտ վերցված է Իտալիայի ո Գերմանիայի տարբերակը և այս պարագայում, արդեն ինչ առաջնային մանդատի մասին է խոսքը»,- հարցրեց քաղտեխնոլոգը:

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ իտալա-գերմանական մոդելն ընտրելու պատճառն այն է, որ իբր, ցույց տրվի, թե փոփոխություններն այնքան էլ արմատական չեն, քանի որ մենք ինչքան էլ ցույց տանք, որ ձգտում ենք դեպի Եվրոպա, մեր բնակչության հիմնական մասը ասիական մենթալիտետ ունի և կարևորում է նախագահի ինստիտուտը:

Բայց մյուս կողմից էլ, ըստ նրա, եթե շատ կոնկրետ խոսակցություն գնա, որ մեզ պետք չէ նախագահի  ինստիտուտ, այն վերացվի, բայց քանի որ ՀՀ-ում նման ինստիտուտները նաև «աշխատատեղեր են», Վիգեն Հակոբյանը հակված է մտածելու, որ այն կպահպանվի` «հաշվի առնելով, որ նախագահի պաշտոնը Հայաստանում դեռ հարգի  է», ինչպես նաև այն, որ եթե ԱԺ–ում պատգամավորական տեղերը դառնում են 101, ապա «յուրայիններին տեղավորելու խնդիր է առաջանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել