Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ի տարբերություն նախորդ օրերի՝ հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում:

ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հուլիսի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին՝ պետք է նշել, որ վերջին շրջանում շփման գծում տիրող հարաբերական «հանգիստը» պայմանավորված էր Բաքվում տեղի ունեցող եվրոպական խաղերով: Բնական է, որ այդ շրջանում Ադրբեջանը, գտնվելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և ցանկանալով զերծ մնալ իր հասցեին ուղղված մեղադրանքներից ու քննադատություններից, որոշ ժամանակով «զինադադար» էր վերցրել:

Ինչպես գիտենք, եվրոպական խաղերն արդեն անցյալում են, և, փաստորեն, Ադրբեջանն անցել է իր «հին ու բարի ավանդույթներին»:

Մի կարևոր հանգամանք ևս. ակնհայտ է, որ սահմանին իրավիճակը լարվում է, և հրադադարի ռեժիմի խախտումներն ավելի հաճախակի են դառնում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն այցելում են մեր տարածաշրջան:

Հ.Գ. Այս կերպ Ադրբեջանն անընդհատ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ պատերազմական գործողությունները դեռ չեն ավարտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել