«Հուսո առագաստ». այս երգով սկսվեց Լիլիթ Պիպոյանի և Արմեն Մովսիսյանի համերգը Մոսկվա կինոթատրոնում, որն անցավ նրանց բնորոշ անկեղծ մթնոլորտում։ Համերգին ներկա էր նաև BlogNews.am-ը։ Սիրված երգերն ուղեկցվում էին Լիլիթ Պիպոյանի և Արմեն Մովսիսյանի հետաքրքիր պատմություններով։ Նրանք ներկայացրին ինչպես զուգերգեր, այնպես էլ անհատական կատարումներ։

Թե՛ Արմեն Մովսիսյանը, թե՛ Լիլիթ Պիպոյանը մեծ ոգևորությամբ ու լիահույս խոսեցին մեկ ամիս առաջ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների մասին։ «Երևանում էլ մի քիչ լույս է երևում, քանի որ ամեն ինչ միայն կաշառակերությամբ, հովանավորչությամբ, ընկերա-բարեկամա-թաղային հարաբերություններով չէ... Կա մի սերունդ, որն ասում է՝ երկրի տերը ես եմ, և ցույց է տալիս դա»,- ասաց Արմեն Մովսիսյանն ու կատարեց «Աղոթք» երգը՝ նկատելով, որ, ցավոք սրտի, այս երգն այսօր նույնքան արդիական է, որքան 10-12 տարի առաջ։
Լիլիթ Պիպոյանն էլ այս առիթով նկատեց. «Երբ 88 թվականի շարժումն էր սկսվում, ես չմասնակցեցի, այն ժամանակ երկու երեխա էի մեծացնում և մտածում էի տնային հոգսերի մասին։ Այս անգամ Թումանյան փողոցի մեր տանն էի, լսեցի երիտասարդների կոչերը՝ միացեք։ Ես էլ դուրս եկա փողոց»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ երիտասարդները չեն հուսալքվի ու կշարունակեն պայքարը։

Արմեն Մովսիսյանը վերջին անգամ Հայաստանում ելույթ էր ունեցել 2006 թվականին։ Երկարատև դադարի ընթացքում հանդիսատեսը նրան շատ էր կարոտել։ Արմեն Մովսիսյանն առաջին անգամ կատարեց «Իմ հայրենիք» ստեղծագործությունը՝ նշելով, որ սա կարոտի երգ է. «Հայ մարդը, ում արմատներն այստեղ են, հայրենիքից դուրս դժվար է ապրում, ուրիշ բան, թե ինչու ենք դրսում, ով է մեղավոր, որ այսօր մեր ազգի մի ստվար մաս պանդուխտ է դարձել»։
Լիլիթ Պիպոյանը ներկայացրեց Կոմիտասի ստեղծագործությունները։ «Թեև Տիգրան Մանսուրյանն ասում է, որ Կոմիտասի ստեղծագործությունները չպետք է մշակել, ես մշակել եմ»,- ժպիտով ասաց նա ու հույս հայտնեց, որ Տիգրան Մանսուրյանն իրեն չի լսում։)

«Վեր կաց, եղբայր իմ» երգը կատարելիս Արմեն Մովսիսյանը նկատեց, որ կան երգեր, որոնք ապրում են, քանի կան հիշողությունները. «Կան տղաներ, ովքեր արդեն մեզ հետ չեն, տղաներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն ծուռումուռ, ոչ լրիվ սարքված, բայց էսօրվա օրվա համար»։
Համերգը եզրափակվեց բացման ստեղծագործությամբ՝ «Հուսո առագաստով»։ Լեփ-լեցուն դահլիճը երգիչներին ճանապարհեց հոտնկայս՝ ջերմ ծափահարություններով։










Նյութը և լուսանկարները՝ Ամալյա Հովհաննիսյանի



