Հայ-վրացական հարաբերությունները, այնուամենայնիվ, շարունակում են մնալ կայուն զարգացման փուլում: Անկախ նրանից, որ առաջին հայացքից Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական «ճամբարները» տարբերվում են միմյանցից, բայց այս երկու պետությունները, եղբայրական ժողովուրդներ լինելուց զատ, պարզապես այլընտրանք չունեն: Սակայն երբեմն թե’ ներքին և թե’ արտաքին որոշ լոբբիստական խմբերի կողմից փորձեր են արվում որոշակիորեն արհեստական լարվածություն մտցնել այս երկու պետությունների հարաբերություններում:

Ասվածի վառ օրինակ էր ընդամենը օրեր առաջ վրացական հայտնի հեռուստաընկերության կողմից պատրաստած սյուժեն հայ-վրացական սահմանի մասին, որում Մառնեուլի շրջանի Սազակենդի գյուղի բնակիչները բողոքի ալիք էին բարձրացնում, որ հայ սահմանապահները մի քանի օր առաջ իբրև «առաջ են շարժվել» Վրաստանի տարածքի ուղղությամբ՝ օկուպացնելով մոտավորապես 10հա հողատարածք:
Սակայն վրացական իշխանությունները՝ նախ սահմանապահ մարմինները, ապա արտաքին գործերի նախարարությունն անմիջապես արձագանքեցին սրան՝ ամբողջովին հերքելով տարածված լուրը, որ այն իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում:

Նախ պետք է նշել, որ Մառնեուլի տարածաշրջանը հիմնականում բնակեցված է ադրբեջանցի թուրքերով, և պարզից էլ պարզ է, որ չնչին հնարավորության դեպքում նրանք առիթը բաց չեն թողնում լարվածություն առաջացնելու հայերի և վրացիների միջև: Հատկանշական է, որ այն հեռուստաընկերությունը, որը պատրաստել է այս «պռոգռամը» և հեռարձակել եթեր, հիմնականում աչքի է ընկնում տարբեր սկանդալային իրավիճակներ «բացահայտելով»: 
Ուշագրավ է նաև այն, որ «Ռուսթավի 2»-ի մեկնաբանը եթերը սկսում է՝ ասելով՝ ցավոք սրտի, միայն Հարավային Օսեթիան և Աբխազիան չեն Վրաստանի օկուպացված տարածքները, այլև այս գործընթացը շարունակվում է նաև հայ-վրացական սահմանին՝ հարևան Հայաստանի կողմից: Իհարկե, շատ ցավալի է, որ իրականությանը չհամապատասխանող իրավիճակն արհեստականորեն վրացի լրագրողները ներկայացնում են նման կերպ:

Հարց է առաջանում, ո՞րն է նպատակը, որ այս փուլում, երբ ամբողջ հայ ազգն իր ամառային հանգիստն անցկացնում է «վրացական ափերում», արհեստածին նման լարվածություն հաղորդել հայի և վրացու միջև, արդյո՞ք նույն Վրաստանը կշահի՝ լարվածություն ունենալով Հայաստանի հետ: Իհարկե ոչ: Եթե անգամ մի կողմ դնենք բոլոր այն սեկտորները, որոնցով Հայաստանը և Վրաստանը գտնվում են փոխհարաբերությունների մեջ, և մի պահ «մոռանանք», որ Ջավախքն էլ Վրաստանի պետական սահմաններում է, քննարկենք միայն ամառային հանգստի գործոնը, ապա սա արդեն իսկ բավական է, որ պետք է բացառել շինծու սկանդալներ հայթայթելը՝ քո իսկ պետության (խոսքը վրացական հեռուստաընկերության մասին է) շահերից ելնելով, հատկապես այս պահին:

Միգուցե այս եզրահանգումը շատ պարզ թվա, բայց դա միայն առաջին հայացքից, քանի որ արդեն վրացական ամբողջ մեդիա դաշտն այդ պրովոկացիան որպես դրոշակ են ընդունել և սկսում են, մեղմ ասած, բացասական վերաբերմունք դրսևորել հայերի հանդեպ: Իհարկե, դա շատ նորմալ է, և այդպես էլ պետք է լինի, երբ խոսքը գնում է պետությանդ սահմանների «յուրացման» մասին: Իսկ ստեղծված պայմաններում Հայաստանից Վրաստան «հանգստյան հոսքը» կարող է տուժել՝ ի վնաս Վրաստանի: Ի վերջո, չէ՞ որ նույն Սաակաշվիլիի նպատակը հենց տուրիզմի զարգացումն էր Վրաստանում, երբ շրջադարձային կերպափոխեց Բաթումիին և այն դարձրեց տարածաշրջանի տուրիստական կենտրոն, որը կարծես թե մոռացության էր մատնվել, ըստ էության: Գաղտնիք չէ, որ ամառը Բաթումին հայկական է, և այս պրովոկացիան հենց այս փուլում են «գովազդում»:

Այսինքն՝ ստացվում է, որ հեռուստաընկերությունը, ձեռնամուխ լինելով այս բանսարկությանը, «համագործակցման գործիք» ընտրելով ադրբեջանական նենգարկությունը, գործում է ոչ թե իշխանությունների դեմ՝ որպես ընդդիմական, այլ ստացվում է՝ հենց պետության: Ըստ էության, ընդդիմությունը պետք է դեմ լինի իշխանությանը, այլ ոչ պետության շահերին:

Ամփոփելով պետք է նշել, որ ինչքան էլ ցանկությունը մեծ է որոշ կողմերի համար, որ պրովոկացիոն ֆակտորի ներքո հնարավորինս լարվածություն հայթայթեն հայ-վրացական բարեկամությունում, միևնույնն է, այս երկու հարևան երկրներն իրենց հիմքերում ունեն բարեկամական արմատներ, և այդ արմատներն էլ տալիս են բարեկամական պտուղներ: Անգամ, եթե լինում են ինչ-որ տարաձայնություններ, դրանք արագորեն ստվերվում են եղբայրական հարաբերությունների շողքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել