Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն այժմ նկարահանվում է գեղարվեստական նոր ֆիլմում, որի մասին կխոսի ավելի ուշ։ BlogNews.am-ի հետ զրույցում Մերին ասաց, որ նոր եթերաշրջանում նա կշարունակի վարել «Վեցերորդ զգայարանը», որի նկարահանումները կայացել են օրերս։

Ինչ վերաբերում է նոր հեռուստասերիալում նկարահանվելուն՝ Մերին ասաց, որ առայժմ չի եղել համապատասխան առաջարկ, սակայն օգոստոսը դեռ առջևում է։ «Սերիալներից չեմ հրաժարավել, ուղղակի դեռ չի եղել այնպիսի առաջարկ, որ համաձայնեմ։ Եղել են սերիալներ, որտեղ պետք է նկրաահանվեի, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Գուցե բարին էլ դա էր,- ասաց  նա ու հավելեց, որ «Ֆուլ հաուսից» բացի պետք է նկարահանվեր նաև «Բախտաբեր» հեռուստասերիալում,- ես պիտի խաղայի Սոֆի Դևոյանի աղջկա՝ Ինգայի կերպարը։ Անի Խաչիկյանն իմ փոխարեն է խաղում»։

Հարցին, երբ տեսնում է, որ նախագիծը հաջողություն ունի, չի՞ ափսոսում, որ չի խաղացել այդ սերիալում, Մերին պատասխանեց, որ ինքը նման բնավորություն չունի։ «Եթե մի բան չի լինում, ուրեմն այդպես է պետք»,- նկատեց հաղորդավարուհին։

Մերիից տեղեկացանք, որ առաջիկայում մեկնելու է հանգստի, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե ուր։ «Օգոստոսը լիարժեք կօգտագործեմ հանգստի համար։ Վիզաներս ստացել եմ և՛ եվրոպական երկրներ, և՛ ԱՄՆ մեկնելու համար, սակայն դեռ մտածում եմ՝ ուր գնամ։ Նախընտրում եմ գնալ այնպիսի երկիր, որտեղ չեմ եղել, որպեսզի նոր բաներ տեսնեմ։ Քանի որ հիմա ունեմ ընտրության մեծ հնարավորություն, պահի ազդեցության տակ կարող եմ որոշել, որ պասիվ հանգիստ եմ ուզում, հետո՝ ակտիվ, նայած, թե ում հետ եմ գնալու հանգստանալու,- ասաց Մերին ու հավելեց, որ մայրը հենց այսօր է մեկնում հանգստի,- քանի որ հիմա աշխատում եմ, չեմ կարող միանալ մայրիկիս։ Հնարավոր է՝ հետո իր հետ գնամ հանգստի, հնարավոր է՝ ընկերներիս, դեռ չեմ որոշել»։

Մերին նշեց, որ ամեն դեպքում կփորձի գնալ նաև ծովափնյա երկիր։ «Թեև վախենում եմ ծովում լողալուց, բայց սիրում եմ այդ օդը, ջուրը»,- ասաց  Մերին ու հավելեց, որ արևայրուք արդեն ունի, քանի որ այս ընթացքում լողավազաններ է գնացել։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել