Սահմանադրության նախագիծը մարդու իրավունքների պաշտպանության մասով (գլուխ 2-րդ) ինքնաբավ իրավական համակարգ չէ. այն ամբողջականանում է միայն միջազգային պայմանագրային պարտավորությունների միջոցով։ Այսպես` 81-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է հիմնական տրամաբանությունը. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»։ Այս տրամաբանությամբ մի շարք հոդվածներ, որոնք պետք է սահմանեին պետության գործողության ազատության եզրերը, իրականում դա չեն անում` բացահայտորեն դա թողնելով միջազգային փաստաթղթերին (օրինակ արտակարգ իրավիճակների վերաբերյալ 76-րդ հոդվածը, որը թույլ է տալիս իրավունքների սահմանափակումներ` «արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում») կամ լիարժեք չեն անում (օրինակ` կյանքի իրավունքն ամրագրող 23-րդ հոդվածը, որն օգտագործում է կյանքից զրկելու «բացարձակապես անհրաժեշտ» ՄԻԵԿ-ից վերցված իրավական մտքի առումով «արխաիկ» ձևակերպումը (ՄԻԵԿ-ը մարդու իրավունքների վերաբերյալ ունիվերսալ կոնվենցիաների առավել վաղ սերնդին է պատկանում, և շատ ձևակերպումներ իդեալական չեն), սակայն ի տարբերություն ՄԻԵԿ-ի՝ չի ամրագրում այդ «բացարձակապես անհրաժեշտ» դեպքերի սպառիչ ցանկ։ Արդյունքում` ինչպես ասացի, Սահմանադրության նախագծի դրույթներն ամբողջականանում են միայն միջազգային պայմանագրային դրույթների ինկորպորացիայի միջոցով, իսկ Սահմանադրության նախագիծն ինքնին ինքնաբավ իրավական համակարգ չէ։ Այստեղ առաջանում են մի քանի հարցեր։ 1. Իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ-երկու տարի հետո Հայաստանը դենոնսացնի ՄԻԵԿ-ը և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագիրը (հաշվի առնելով Ռուսաստանում տիրող տրամադրություններն այս հարցում և մասնավորապես Չիրագովի գործից հետո ՀՀ բյուջեին սպառնացող վտանգը՝ ես այս հեռանկարը զուտ տեսական չեմ համարում)։ Պատասխանը շատ պարզ է. Սահմանադրությունը կդառնա ոչ ամբողջական փաստաթուղթ` բացելով չարաշահումների համար պանդորայի արկղը։ 2. Անգամ մինչև նման հնարավոր զարգացումները. ՀՀ դատավորների ո՞ր տոկոսն է, որ ազատորեն և ճշգրիտ օգտագործում է ՄԻԵԴ-ի և Մարդու իրավունքների հանձնաժողովի պրակտիկան օրենքները (իսկ սրանից հետո արդեն նաև Սահմանադրությունը) մեկնաբանելիս։

Օրենսդրական տեխնիկայի առումով ինկորպորացիաների միջոցով ամբողջականացող Սահմանադրությունն ինձ համար անհեթեթություն է։ Ոչ ինքնաբավ Սահմանադրությունը սահմանադրություն չէ, այն «սահմաններ» չի ուրվագծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել