Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հետ կապված դիրքորոշումները կարող են տարբեր լինել, քանի որ դրանց անհրաժեշտությունը հիմնավորելիս կարող են գերակշռել ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական մոտեցումները:

Սահմանադրության 7 գլուխների հրապարակումից հետո սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն իր նիստերում արդեն հասցրել է քննարկել կառավարման համակարգին, այսինքն՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու Կառավարությանը վերաբերող գլուխները: 
Սակայն մի կողմ թողնելով փոքրիշատե քննարկված գլուխները և անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի 2-րդ գլխին, որտեղ ամրագրված են մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող դրույթները, կարելի է նկատել, որ դրույթներից մեկի համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի, ում կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը (զենք կրել, պահել կամ օգտագործել), իրավունք ունի այն փոխարինել այլընտրանքային ծառայությամբ:

Հարկ է փաստել, որ այլընտրանքային ծառայությունը միջազգայնորեն ընդունված ծառայություն է. եթե անհատն ունի կրոնական համոզմունքներ և չի կարող որևէ ձևով մասնակցել զինվորական ծառայությանը, ըստ ՀՀ Սահմանադրության, պետությունը տրամադրում է այլընտրանք: Այսինքն՝ աշխատանքներ, որոնք ընդհանրապես չեն առնչվում զինվորական ծառայության հետ՝ ճանապարհաշինություն, ծերանոցներ, հիվանդանոցներ, մի խոսքով՝ ինչ կորոշի պետությունը: Այս դեպքում աշխատանքային ծառայությունը զինվորականից մեկ տարի ավել է տևում:

Սակայն այս դեպքում էլ կարող է առաջանալ մեկ այլ խնդիր. ցանկացած մարդ կարող է անդամագրվել որևէ կրոնական կազմակերպության, որոշակի գումարի դիմաց ստանալ տվյալ կազմակերպության կողմից հավաստագիր, ըստ որի՝ ինքը չի ցանկանում ծառայել բանակում՝ կրոնական դրդապատճառներից ելնելով, որի ժամանակ տվյալ անհատը փաստացի կախվածության մեջ է ընկնում կրոնական կազմակերպությունից:

Հ.Գ. Լավ է, որ առաջնորդվում ենք միջազգային նորմերով և Սահմանադրության մեջ ամրագրում այնպիսի դրույթներ, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում, սակայն այստեղ մեկ այլ, շատ ավելի կարևոր խնդիր է առաջանում. ամեն դեպքում չպետք է մոռանալ, որ մեզ նման փոքր երկրի համար առաջնային և գերակա խնդիր է համարվում երկրի խաղաղության և նրա սահմանների անվտանգության ապահովումը: Իսկ այս դեպքում յուրաքանչյուր զինվորի ներկայությունը կարող է կենսական նշանակություն ունենալ ինչպես մարտական գործողությունների իրականացման, այնպես էլ բանակի մարտունակության պահպանման և երկրի անվտանգության ապահովման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել