Իրանի ու վեց գերտերությունների միջև Վիեննայում տեղի ունեցած բանակցություններն ի վերջո տվեցին իրենց պատմական արդյունքը: Վերջապես համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

Միջուկային զենքի սահմանափակման դիմաց Իրանից կհանվեն բազմաթիվ պատժամիջոցներ: Մասնավորապես, պատժամիջոցները կվերացվեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթի, գազի առևտուրը, ֆինանսական փոխանցումները, ավիացիան և նավերի առաքումը, ու իրանական միլիարդավոր դոլարների ակտիվները չեն սառեցվի:

Իրադարձությունների նման զարգացումը կտրուկ փոխելու է Իրանի դերն ու ազդեցությունը միջազգային տնտեսական շուկայում: Մասնավորապես՝ խոսքը գնում է նավթային շուկայի մասին: Իրանի ակտիվությունը կարող է նպաստել նավթի գնի նվազմանը, ինչը և կարող է օգտագործվել ռուսական ռուբլու արժեզրկման ուղղությամբ:

Հայաստանի համար Իրանի տնտեսական բլոկադայի վերացումը կարող է շահավետ լինել: Մենք այն բացառիկ պետություններից ենք, որ պահպանեցինք մեր լավ հարաբերություններն Իրանի հետ պատժամիջոցների կիրառումից հետո: Այժմ կարելի է զարգացնել և ընդլայնել տնտեսական հարաբերությունները: Հայաստանը կարող է դառնալ տնտեսական կամուրջ ԵՏՄ-ի և Իրանի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել