Ֆեյսբուքյան հետաքննություն
1995 թվի ԱԺ տեղեկագրի թիվ 1-2 միացյալ համարի «ՀՀ կառավարության գործունեության 1995-1999թթ. ծրագիրը» բաժնում նշված է, որ «որպես պետական սեփականություն կպահպանվեն», ի թիվս այլ ոլորտների, մասնավորապես՝ կապի օբյեկտները, երկաթուղին, օդանավակայանները, մետրոպոլիտենը... Իսկ եթե ասվում է «որպես պետական սեփականություն կպահպանվեն», ապա դա նշանակում է, որ դրանք չի կարելի սեփականաշնորհել: Մինչդեռ 1998թվի նախագահական արտահերթ ընտրություններից հետո, որով ընդհատվեց տվյալ կառավարության գործունեությունը, այդ ոլորտներն սկսեցին սեփականաշնորհել: Ժողովրդի բուռն դիմադրության, ցույցերի ու այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավորների ընդվզումների պայմաններում անգամ նախ սեփականաշնորհվեց կապը՝ ի դեմս «ԱրմենՏելի»՝ հունաստանյան ընկերության կողմից (լավ հիշում եմ, որ Վանաձորի երկաթուղայինների ակումբում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ասում էր՝ «Հանցագործ և դաժան մարդ է եղել նա, ով վաճառել է կապը»): Մի քանի տարի շարունակ հայ ժողովուրդը շունչ չէր քաշում «ԱրմենՏելի» սեփականատեր Յորղուլասի կամայականություններից. նախ՝ լարային ռադիոն լուծարեց՝ այն համարելով «ավելորդ» ու «ոչ շահութաբեր». չօգնեցին անգամ ԱԺՄ-ական պատգամավոր Արշակ Սադոյանի գոռգոռոցները խորհրդարանում, որին էլ հակափաստարկներով փորձում էր համոզել, թե ամբողջ «քաղաքակիրթ աշխարհում լարային ռադիոն վերացել է»՝ կապի ու տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը, այնուհետ նույն Սադոյանի ըմբոստ ելույթների ու գոռգոռոցների պայմաններում ֆիքսված հեռախոսակապի սակագինը հասցրին 1000 դրամի, հետո րոպեավճար կիրառեցին (այդ տարիներին Դաշնակցությունը բնակչությանը կոչ էր անում 1 օրով հրաժարվել հեռախոսակապից): «Ոչինչ», որ սոցիալապես անապահով խավերը զրկվեցին տեղեկատվություն ստանալու մատչելի աղբյուրից՝ ի դեմս լարային ռադիոյի: Հետո կապի ոլորտը տվեցին Ռուսաստանին. սրանք էլ հեռախոսավարձը հասցրին 1100 դրամի, մանավանդ, որ արդեն գոռգոռացող պատգամավորներ չկային այդ ժամանակահատվածում, Սադոյանին այլ աշխատանք էին տվել: Այդ պայմաններում ռուսաստանյան սեփականատերն անցավ աշխատանքային մեծաքանակ կրճատումների ու «օպտիմալացման». կապի որոշ ծառայություններ (որոնց թվում՝ 1-09 տեղեկատուն) կենտրոնացնելով մայրաքաղաքում՝ մարզի բնակիչը, որպեսզի վնասված հեռախոսահամարը նորոգի, պետք է մայրաքաղաքից «թույլտվություն» վերցնի՝ հետևելով հեռախոսային ռոբոտի հրահանգներին:
...Հիմա անցնենք ՀԷՑ-ի սեփականաշնորհման հետևանքներին. համակարգում շարունակեցին պահպանվել 90-ականներին կիրառվող հովհարային ու անհովհար անջատումները, երևի թե 10 տարի կլինի: Հաջորդաբար էլ հոսանքի սակագնի թանկացումներ են արվում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն էլ, ինչպես մյուս ոլորտների ծառայությունների սակագների բարձրացման հարցում, այս ոլորտում էլ է «բարի կամքի դրսևորում ցուցաբերում» ու պատրաստակամություն հայտնում թանկացնել հոսանքի սակագինը՝ երևի թե համաձայնության գալով ստվերային բանակցությունների արդյունքում պայմանավորված գնի շուրջ: Ընդամները 2 շաբաթ առաջ դաշնակցականներն էին ասում, որ սա մանր առևտրականի հոգեբանություն է՝ բարձր գնով հայտ ներկայացնել, որ հետո մի քիչ իջեցնելու վրա «բարիշեն»: Որպես թանկացումն արդարացնող հանգամանք՝ պատճառաբանվում է, թե «դոլարի կուրսը բարձրացել է, ատոմակայանը կանգնել է, ջուրը քչացել է, ու ՀԷՑ-ն այդ ամենի պատճառով վնասներ է կրել»: Պատճառաբանություններ միշտ էլ կարելի է բերել. դե բերեք հաջորդ տարի էլ թանկացրեք՝ չէ՞ որ ատոմակայանն էլի պետք է կանգնի...
...Այնպիսի տպավորություն է, որ երբ գարնանը հաշվում են, թե անմարդկային պայմաններում ծանր ձմեռ անցկացնելուց հետո ժողովրդից քանի՞ մարդ է մնացել, ասում են՝ «Որ դիմացան, ուրեմն կարանք բեռի վրա մի կապոց փայտ էլ դնենք, էլի կդիմանան, ժողովուրդը հնարը կգտնի...»: Էներգետիկ ոլորտի սեփականաշնորհման միակ դրականն այն էր, որ չեղյալ համարվեցին ժողովրդի՝ մինչ այդ ունեցած ահռելի պարտքերը համակարգում Գլադունչիկի օրոք (դա էլ, թերևս, նրա համար, որ պարտքատերերի թվում խոշոր ձեռնարկատերեր էլ կային. ու թերևս, դա հաշվի առնելով էր, որ 2005 թվին Վանաձորի համայնքի ավագանին Եվգենի Գլադունչիկին «պատվավոր քաղաքացու» կոչում շնորհեց):
Հատկանշական է, որ ժողովրդի հսկայական բողոքավոր զանգվածին (որոնցից ոչ բոլորն են մասնակցում մայրաքաղաքային ցույցերին, բայց իրենց քաղաքներում մասնակցել են) ՀՀԿ-ական պատգամավորն անվանում է «մի քանի գոռգոռացողներ»: Իսկ բարձրաստիճան այրերն էլ մի անգիր արած բառակապակցություն ունեն՝ «սոցիալապես անապահով խավերի համար զեղչեր կլինեն»: Այսինքն՝ նպաստառու խավին 1000-ական դրամներ կնետվեն պետբյուջեից: Ուրեմն, ովքեր նպաստառուի քննություններով չեն անցել, բացի քաղաքապետերից, մարզպետներից, նախարարներից ու պատգամավորներից, շա՜տ ապահովված են ու պարտավոր են մուծվել հանուն ՀԷՑ-ի ճոխությունների ու մսխումների, գերշքեղ ապրելակերպի: Ինչո՞ւ պետք է 700 հազար դրամ աշխատավարձ ստացող (չհաշված կողմնակի եկամուտները) պաշտոնյայի ու շարքային քաղաքացու եկամտի ահռելի տարբերությունը փոխհատուցվի ինչ-որ ողորմելի գումարներով՝ որպես մխիթարություն ու ծաղր: Մի առանձին հետաքննության թեմա է, թե արդյո՞ք բոլոր պաշտոնյաներն են կանոնավոր վարձ վճարում, արդյո՞ք բոլոր ձեռնարկատերերն են պարտաճանաչ մուծողներ...