Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկին հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ առանց եվրոպական փորձի և օժանդակության չի պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ։

Հարցին, թե արդյո՞ք Ռիգայի գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն իրավական նոր փաստաթղթի կնքմանը և ինչպիսի՞ն են այդ պայմանագրի հեռանկարները, Նախագահ Սարգսյանը պատասխանել է, որ բոլորը կարող են հանգիստ հաստատել, որ Արևելյան գործընկերության հենց սկզբից Հայաստանը խոսում էր տարբերակված մոտեցման մասին:

«Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող են Արևելյան գործընկերության ընկերները՝ այդքան տարբեր իրենք բնույթով, իրենց նպատակներով, իրենց ակնկալիքներով, գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակներում: Այսօր, երբ խոսում էինք պարոն Տուսկի հետ, ես ասացի՝ տարիներ առաջ էլ եմ իրեն ասել, այսօր էլ, որ մի ընդհանրություն կա: Եկեք այդ ընդհանրության մասին մոռանանք, որովհետև այդ ընդհանրությունը հատկանշական չէ: Ես այն ժամանակ էլ համոզված էի, հիմա էլ համոզված եմ` եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, խնդրեմ՝ թող Եվրամիությունը համագործակցի Ադրբեջանի հետ այդ ոլորտում: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի ամրապնդվեն ժողովրդավարական հաստատությունները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը»,– ասել է նա:

«Եկեք ա՛յս ոլորտում մենք համագործակցենք: Ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բարեփոխումների, ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի և օժանդակության: Ուստի, մենք, անդամակցելով ԵԱՏՄ-ին, շարունակելու ենք սերտորեն համագործակցել Եվրամիության հետ: Այո՛, կարծում եմ, և պարոն Տուսկն իր ներածական խոսքում ասաց ու մեր հանդիպման ժամանակ էլ ասաց, թե եկել է հաստատելու, որ՝ այո՛, մենք սկսելու ենք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Բայց, կարծում եմ, իր տեղեկատվությունը ավելի հավաստի կլինի, ուստի, այս երկրորդ ենթահարցի վրա ես շատ ժամանակ չծախսեմ, խոսքը փոխանցեմ պարոն Տուսկին: Նա այս մասով, թերևս, ավելի հանգամանորեն կասի»,– նշել է ՀՀ Նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել